Խմելու ջուրը բոլոր բաժանորդների համար․․․ հունվարից թանկացնելու «Վեոլիայի» առաջարկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մասամբ ընդունեց։ Հաշվարկ-քննարկումների արդյունքում որոշել են սակագինը բարձրացնել, բայց սպառողների ոչ բոլոր խմբերի համար։
Աշոտ Ուլիխանյան (ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ) - Առաջարկվում է սոցանապահով սպառողների համար սակագները թողնել անփոփոխ՝ 180 դրամ/ խմ, մյուս բաժանորդների համար առաջարկվում է սահմանել 208,419 դրամ մեկ խմ-ի համար:
Նոր սակագները հաստատելու հետ հանձնաժողովում հիշեցրին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարությունը, թե՝ «որոշումից անկախ՝ Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն՝ մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»։
Հիմա պետությունը սուբսիդավորելո՞ւ, է թե՞ ոչ՝ դահլիճից ավելի կոնկրետ պատասխան պահանջեցին սպառողների շահերի պաշտպանները։
Աշոտ Միրզոյան - Անհրաժեշտությունն ինչո՞վ է պայմանավորված՝ պետք է մտածի ժողովուրդը: Եթե ձեն չի հանում՝ փող չի տալու, եթե ընդվզումներ եղավ՝ տալու է՝ ինչ պայման է:
Խնդրի լուծումը ժամանակի հարց է՝ թեման փակեց սակագնային հանձնաժողովի նախագահը։
Գարեգին Բաղրամյան (ՀԾԿՀ նախագահ) - Երբ որ իրավական ուժ կստանա մեր որոշումը՝ նոր Կառավարությունը կմշակի որոշում համապատասխան սուբսիդավորման մասին:
Սուբսիդավորումն էլ է մեր՝ սպառողներիս գրպանից, մեզնից գանձված հարկերից է վճարվում՝ դժգոհեցին քննարկմանը մասնակցող ՀԿ-ների ներկայացուցիչները։ Պնդեցին՝ սակագինն այս մակարդակին չէր լինի, եթե «Վեոլիան» ճիշտ հաշվի երկրում վաճառվող ջրի ծավալը, վերացնի ձախ միացումներն ու կրճատի ահռելի ջրկորուստները․ այդ ցուցանիշն այժմ հասնում է 69 տոկոսի։
Արմեն Պողոսյան («Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Չի բավարարում՝ 69 տոկոս 21-րդ դարում չի կարող բավարար լինել:
69 տոկոսի իջեցրել են 81,5-ից, ընդ որում՝ կորչող այդ քանակների մեջ ներառված է և հրդեհների ժամանակ հիդրանտներից անվճար վերցվող ջուրը, և ցայտաղբյուրներինը՝ տեղեկացրեց «Վեոլիայի» տնօրենը։ Հստակեցրեց՝ տեխնիկական կորուստները չեն ազդում ջրի սակագնի վրա, սակագնի հաշվարկի հիմքում վաճառվող ջրի ծավալն է, ինչը փտած ջրագծերն ու հին ջրաչափերը փոխելու միջոցով տարեցտարի փորձում են ավելացնել։
Մարիաննա Շահինյան («Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն) - Ընթացիկ տարին ակնակալում ենք փակել 155 մլն խմ ծավալով. մեկնարկային տարվա համեմատ 40 տոկոսով ավելացել է վաճառքի աճը:
Օգտագործվող ջրի լրացուցիչ ծախս հաշվարկվել է նաև վերջերս, երբ «Վեոլիայի» թանկացման հայտը ստանալուց հետո մասնագետները ցանցում նորից մոնիթորինգ են իրականացրել։ Արձանագրված 690 խախտումից մոտ 400-ը՝ կրկնվող դեպքեր են: Ինչո՞ւ այդ սպառողները դեռ չեն մտել բազա, հետևողական եղեք՝ հանձնարարեց Գարեգին Բաղրամյանը։
Գարեգին Բաղրամյան - Էս խախտումները պետք ա առնվազն չտեսնեինք, որովհետև նորից գնում են, նորից տեսնում են, էստեղ մոտեցում են փոխում:
Խախտում-կորուստներից անկախ՝ խմելու ջրի այս վերանայման պատճառը երկրում արձանագրված բարձր գնաճն է։ Այնպես որ՝ հանձնաժողովը ստիպված բարձրացրեց սակագինը։ Հիմա բոլորը սպասում են սուբսիդավորման որոշմանը, որ թանկացումը զսպվի, ու ջրի գինը նույնը մնա։