Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է սահմանել հստակ կարգավորումներ լիցենզավորման դաշտում, ինչը կրթության ոլորտում առանցքային գործառույթ է: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ` առաջարկվել է ստեղծել հնարավորություն հաստատելու կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով նաև կլինիկական ամբիոնների, մարզադահլիճի` դրանց սարքերի, սարքավորումների, նյութերով, գույքով հագեցվածության չափաքանակները: Այս դրույթի նախատեսումը կնպաստի ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի հարստացմանը` ապահովելով ուսուցման բարձր արդյունք:
Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն կտրվի լիցենզիաների ներդիրների միջոցով սահմանել նաև կրթության ոլորտի առանձնահատկությունները: Կկարգավորվեն կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարաբերություններ` նախադպրոցական տարիքային խմբերով գործունեության, ինչպես նաև կրթության հիմքերի գործունեության թույլտվությունները:
Նշվել է, որ կրթության բնագավառում լիցենզավորման մի շարք գործընթացներ օրենքով ամրագրելով, գործընթացը կդառնա առավել հստակ և արդյունավետ, ինչպես նաև կկարգավորվեն իրավական ակտերի միջև եղած անհամապատասխանությունները:
Ի պատասխան պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին, թե արդյո՞ք վերահսկվելու է համալրվող սարքավորումների որակը, Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առանձին իրավական ակտերով կկարգավորվեն տեխնիկական բնութագրերը:
Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը: