ՄՏՔԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՎԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Հնդկաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները Նյու Դելիում անցկացրել են քաղաքական խորհրդակցությունների հինգերորդ փուլը։
Հնդկաստանի պատվիրակությունը գլխավորել է երկրի արտգործնախարարության խոսնակ Սանջայ Վերման, ադրբեջանական պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան կարգավորման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ: Պատվիրակությունները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, անդրադարձել քաղաքական, առևտրատնտեսական, հյուպատոսական, մշակութային և կրթական հարցերի։
Հնդկաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Հնդկաստանը և Ադրբեջանը հաջողությամբ զարգացնում են գործակցությունը մասնավորապես առևտրի և էներգետիկայի ոլորտում։ Ադրբեջանը հում նավթի կարևոր մատակարար է Հնդկաստանի համար։
ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՈՒՄ Է ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ. ՌԱԻՍԻ
Մերձավոր Արևելքի երկրներից արտասահմանյան ուժերի դուրսբերումը ողջ տարածաշրջանի կայունության և անվտանգության բանալին է՝ Թեհրանում Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ Սուդանիի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Նա հավելել է, որ տարածաշրջանում կայունությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները, համոզմունք հայտնել՝ արտաքին ուժերի ներկայությունը ոչ մի օգուտ չի տալիս և միայն սրում է առկա խնդիրները։ Ռայիսին ընդգծել է, որ Թեհրանը և Բաղդադը պետք է համակարգեն իրենց գործողությունները՝ հակազդելու ծայրահեղականության և ահաբեկչության դրսևորումներին։
Իրաքի վարչապետի խոսքով՝ անդրադարձ է եղել նաև քաղաքական, տնտեսական, անվտանգային, ինչպես նաև էներգակիրների արտահանման ոլորտներում գործակցության հեռանկարներին։ Նա վստահեցրել է՝ Իրաքը «թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ սադրանքների համար»:
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Մոսկվայի խնդիրն է՝ հասկացնել Անկարային, որ Սիրիայում ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ։
«Դա կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում զոհերի, գործողությունը կարող է բարկացնել Սիրիայի քրդերին, բռնության նոր ալիքի պատճառ դառնալ հենց Թուրքիայի տարածքում։ Չեմ կարծում՝ Թուրքիայի ղեկավարությանը դա պետք է 2023 թվականի նախագահական ընտրությունների շեմին», - ընդգծել է Լավրենտևը:
Նա նաև նշել է, որ նախապայմաններ չի տեսնում Սիրիայի և Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպման համար: Պաշտոնյայի խոսքով՝ այդ երկու երկրի միջև շփումը շարունակվում է հատուկ ծառայությունների մակարդակով։
Լավրենտևն արձագանքել է նաև Անկարայի մեղադրանքներին, թե ռուսական կողմը չի կատարում Սիրիայի հարցով պայմանավորվածությունները և չի աջակցում Սիրիայի հյուսիսային շրջաններից քրդական զինված կազմավորումների դուրսբերմանը։ «Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները: Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ դուրս բերել քրդական բոլոր կազմավորումները 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուց։ Բայց ամենակարևորն արվել է՝ այդ կազմավորումներն այլևս ուժ չեն կիրառում: Լինում են սադրանքներ, սակայն քրդերը Թուրքիայի տարածքում Թուրքիայի դեմ ոչ մի գործողություն չեն ձեռնարկում», - մանրամասնել է ռուս պաշտոնյան։