Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ իր երկիրը պրագմատիկ մոտեցում է ցուցաբերելու՝ ի պատասխան Ռուսաստանի և Չինաստանի գործողությունների։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մարտահրավեր է նետում ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին, իսկ Չինաստանը պայքարում է համաշխարհային ազդեցության համար՝ օգտագործելով իշխանության բոլոր լծակները։
Սունակի խոսքով՝ Մեծ Բրիտանիայի և Չինաստանի հարաբերություններում «ոսկե դարաշրջանն» ավարտվել է: Նա հավելել է, որ 2023 թվականին կառավարությունը Միացյալ Թագավորության անվտանգության, պաշտպանության և արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգ կներկայացնի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական փոփոխությունները:
Նա նաև հավատացրել է, որ Լոնդոնը գործընկերների հետ կշարունակի աջակցություն տրամադրել Կիևին, կփորձի փոխել հարաբերությունները Եվրոպայի հետ և ինտեգրվել «Եվրոպական քաղաքական համայնքին»։ Սունակը միաժամանակ հավատացրել է, որ Մեծ Բրիտանիան չի պատրաստվում օրենսդրական նորմեր փոփոխել՝ համապատասխանեցնելու դրանք Եվրամիության իրավական նորմերին: