ՄՏՔԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿՎԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Հնդկաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները Նյու Դելիում անցկացրել են քաղաքական խորհրդակցությունների հինգերորդ փուլը։
Հնդկաստանի պատվիրակությունը գլխավորել է երկրի արտգործնախարարության խոսնակ Սանջայ Վերման, ադրբեջանական պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան կարգավորման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ: Պատվիրակությունները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, անդրադարձել քաղաքական, առևտրատնտեսական, հյուպատոսական, մշակութային և կրթական հարցերի։
Հնդկաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Հնդկաստանը և Ադրբեջանը հաջողությամբ զարգացնում են գործակցությունը, մասնավորապես` առևտրի և էներգետիկայի ոլորտում։ Ադրբեջանը հում նավթի կարևոր մատակարար է Հնդկաստանի համար։
ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Փարիզում տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ղեկավարները քննարկել են միջազգային օրակարգի մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել կրթության և մշակույթի ոլորտներում գործակցության, ինչպես նաև Կենտրոնական Ասիայում իրավիճակի շուրջ:
Տոկաևը նշել է, որ Ղազախստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Ֆրանսիա այցը հիանալի հնարավորություն է՝ խորացնելու երկկողմ հարաբերությունները: Նա Մակրոնին է ներկայացրել Ղազախստանում քաղաքական և տնտեսական բարեփոխումների ընթացքը։
Մակրոնն էլ նշել է, որ Ղազախստանը Ֆրանսիայի ռազմավարական գործընկերն է։ Նա գոհունակություն է հայտնել, որ զարգանում են առևտրատնտեսական կապերը։
«Եվրամիությունը զգալի ներդրումներ է կատարում Ղազախստանի տարբեր նախագծերում։ 2024 թվականին Ղազախստանում դպրոցներ կբացվեն, որտեղ ֆրանսերեն կդասավանդվի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Հանդիպման ավարտին Տոկաևը Էմանուել Մակրոնին հրավիրել է Ղազախստան:
ՆԱՏՕ-Ի ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները Բուխարեստում են՝ քննարկելու Ուկրաինայում զարգացումները և երկրին աջակցության ավելացման հեռանկարը:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Կիևը ՆԱՏՕ-ի անդամ կարող է դառնալ պատերազմի ավարտից հետո: Ենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքը ռուս-ուկրաինական հակամարտության կողմ չէ, սակայն ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային աննախադեպ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի նա կարողանա պաշտպանվել ռուսական ուժերից։
Դաշինքը նաև օգնում է վերականգնելու Ուկրաինայի կենսական կարևորության ենթակառուցվածքները և հաղթահարելու ձմեռը:
«Այդ աջակցությունը բխում է մեր ընդհանուր անվտանգության շահերից»,- հավելել է Ստոլտենբերգը։
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ՇՎԵԴԻԱՅԻ, ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Բուխարեստում տեղի է ունեցել նաև Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության հնարավորությունը և այդ կապակցությամբ Անկարայի մտահոգությունները, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում Ստոկհոլմի և Հելսինկիի ջանքերը:
Մևլութ Չավուշօղլուն Թվիթերի միկրոբլոգում գրել է, որ պատվիրակությունները գնահատել են մադրիդյան եռակողմ հուշագրով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Չավուշօղլուն կողմերին է ներկայացրել Անկարայի ակնկալիքները:
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՊԱՅՔԱՐԻ ՔՐԴՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Թուրքիան պայքարելու է Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, քանի դեռ այդ խմբավորման վերջին զինյալը չի չեզոքացվել՝ նախարարների կաբինետի նիստից հետո հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան հաստատակամ է երկրի հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում։
Էրդողանը նաև անընդունելի է համարել այն փաստը, որ, նրա խոսքով, մի շարք երկրներ աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին:
«Ոչ ոքի չպետք է մտահոգի Թուրքիայի քաղաքականությունը, որը հիմնված է արդարության, բարեկամության և գործակցության սկզբունքների վրա»,- հավելել է նախագահը։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ ընդգծել է, որ Սիրիայում և Իրաքում օդային գործողության ընթացքում Անկարան իր գործողությունները համաձայնեցրել է Ռուսաստանի հետ: Քալընը զգուշացրել է, որ Սիրիայում արդեն ցամաքային գործողությունը կանցկացվի այն ժամանակ, երբ Թուրքիան անհրաժեշտ համարի, այսինքն՝ ցանկացած պահի։ Խոսնակը տեղեկացրել է՝ գործողության անցկացման համար ամեն ինչ պատրաստ է։
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ՉԷ
Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Մոսկվայի խնդիրն է հասկացնել Անկարային, որ Սիրիայում ցամաքային գործողության անցկացումը նպատակահարմար չէ։
«Դա կհանգեցնի խաղաղ բնակչության շրջանում զոհերի, գործողությունը կարող է բարկացնել Սիրիայի քրդերին, բռնության նոր ալիքի պատճառ դառնալ հենց Թուրքիայի տարածքում։ Չեմ կարծում՝ Թուրքիայի ղեկավարությանը դա պետք է 2023 թվականի նախագահական ընտրությունների շեմին»,- ընդգծել է Լավրենտևը:
Նա արձագանքել է Անկարայի մեղադրանքներին, թե ռուսական կողմը չի կատարում Սիրիայի հարցով պայմանավորվածությունները և չի աջակցում Սիրիայի հյուսիսային շրջաններից քրդական զինված կազմավորումների դուրսբերմանը։
«Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները: Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ դուրս բերել քրդական բոլոր կազմավորումները 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուց։ Բայց ամենակարևորն արվել է՝ այդ կազմավորումներն այլևս ուժ չեն կիրառում: Լինում են սադրանքներ, սակայն քրդերը Թուրքիայի տարածքում Թուրքիայի դեմ ոչ մի գործողություն չեն ձեռնարկում»,- մանրամասնել է ռուս պաշտոնյան։