Հեռուստատեսությունը 20-րդ դարի հրաշքն է, որ մտավ մարդկանց տներ՝ կրթելու, զարգացնելու, նաև՝ զվարճացնելու:
Հեռուստատեսության նվիրյալների համար աշխատանքային կենսագրություն ու աշխատանքային ծննդավայր դարձած հայկական հեռուստատեսությունն այսօր նշում է հիմնադրման 66-ամյակը: Կառավարության 2021 թվականի որոշմամբ՝ նոյեմբերի 29-ը նաև Հեռուստատեսության աշխատակցի օրն է:
Եվս մեկ առիթ՝ արժևորելու հեռուստատեսությունն ու հեռուստատեսության աշխատողին. հայկական հեռուստաընկերությունների ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Ադամյան» մրցանակը:
Տիգրան Հակոբյան (ՀՌՀ նախագահ) - Այստեղ հավաքվել են հեռարձակող հեռուստաընկերությունների բոլոր ղեկավարները, շատ տարբեր հեռուստաընկերությունների, որոնք ունեն տարբեր քաղաքական օրակարգ, որոնք ունեն իրարից շատ տարբերվող խմբագրական քաղաքականություն, որոնք իրար հետ վիճում են, որոնք սպասարկում են տարատեսակ ուժերի, իշխանության օրակարգը: Բայց այստեղ հավաքվել են բոլորը, որովհետև մեր բոլոր հեռուստատեսությունները ծառայում են հանրային շահին ու մեր պետությանը:
Գունավոր հեռուստատեսության հիմնադիրներից մեկի՝ Հովհաննես Ադամյանի անվան մրցանակը նպատակ ունի խրախուսելու ոլորտի լավագույն մասնագետներին, սահմանելու առողջ մրցակցություն, ապահովելու եթերային նոր որակ:
Հովհաննես Մովսիսյան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Շատ երկար ժամանակ քննարկում էինք, թե ինչու մենք չունենք և չենք նշում... Հեռուստաընկերությունները, որ այսքան մեծ ռեսուրս ունեն, չեն նշում իրենց օրը, և մենք չունենք մի միջոցառում, որին կարող ենք մասնակցել: Եվ այս տարի առաջին անգամ մեզ հաջողվեց դա անել, ինչի համար մեզ բոլորիս շնորհավորում եմ:
Տարիների ընթացքում Առաջին ալիքի կողքին սկսեցին գործունեություն ծավալել նոր հեռուստաընկերություններ՝ բերելով նոր ձեռագիր ու ոճ:
Քրիստինե Ալագուլյան (հեռուստամեկնաբան) - Այդ խոսքերը վերագրվում են Դա Վինչիին. ասում է՝ մանրուքները ստեղծում են կատարելություն, իսկ կատարելությունը մանրուք չէ: Կարծում եմ՝ հեռուստատեսությունը հենց այդ պրիզմայով պիտի դիտարկել, այսինքն՝ բոլոր օղակներն իրենց տեղում ստեղծում են այդ կատարելությունը:
66 տարի անց էլ Հանրային հեռուստաընկերությունը շարունակում է իր առաքելությունը՝ բարձր պահելով այն նշաձողը, որ սահմանել են հեռուստատեսության հիմնադիր նվիրյալները:
Հեղինակ՝ Էլեն Սարգսյան