Ահազանգ պատկան մարմիններին՝ հայկական արտադրության ձկան փոխարեն արտահանվում են իրանական կամ այլ երկրի ձուկ և ձկնամթերք: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացված մշտադիտարկում է սկսում ձկնաբուծարաններում` հասկանալու` արդյոք մեր երկրից արտահանվող ձուկ-ձկնամթերքը միայն տեղական է, թե՞ ոչ:
Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Տեսչական մարմինը ստացել է ահազանգեր արտահանողներից, որ նման դեպքեր կան, որ հայկական արտադրանքի տակ այլ երկրների արտադրության ձկներ են գնում: Մենք դա փորձելու ենք հայտնաբերել և թույլ չտալ, որ շարունակվի:
Նշվում է, որ հիմնականում Հայաստան է ներկրվում իրանական արտադրության ձկնատեսակ, որն էլ հայկականի անվան տակ հայտնվում է ռուսական շուկայում: Բերում և արտահանում են այն տեսականին, որն արտադրվում է նաև մեր երկրում:
Գեորգի Ավետիսյան - Նույն իշխան տեսակն է, որը մեզ մոտ արտադրվում է և շատ տարածված է:
Ըստ էության, այլ երկրից Հայաստան ներկրել ու մեկ այլ երկիր արտահանելն արգելված չէ, պարզաբանում է ՍԱՏՄ ղեկավարը, եթե խմբաքանակը ստացել է կառույցի անասնաբուժական հավաստագիրը, որում պարտադիր նշվում է արտահանվող ապրանքի ծագման երկիրը: Ըստ մասնագետների՝ հայկական արտադրանքը որակապես դրական առումով զգալիորեն տարբերվում է ներկրվածից:
Գեորգի Ավետիսյան - Մասնագետները մտավախություն ունեին և ասում էին, որ որակական հատկանիշներով իրանական ձուկը կամ այլ երկրներից բերված ձկները զիջում են մեր տեղական արտադրությանը:
Այս տարվա հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 14-ը, ըստ ՍԱՏՄ տրամադրած անասնաբուժական հավաստագրերի, Հայաստանից արտահանվել է մոտ 11.800 տոննա ձուկ-ձկնամթերք, որից մոտ 10,5 հազարը` իշխան, 351 տոննա սիգ, 646 տոննա թառափ: Արտահանման թվերի մանրամասն ուսումնասիրությունը ՍԱՏՄ-ն կիրականացնի Պետեկամուտների կոմիտեի հետ գործակցությամբ: