Հայաստանը առաջընթաց է գրանցել քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց առողջության, իրավունքների պաշտպանության ոլորտներում: Արձանագրումը արդարադատության նախարարի տեղակալինն է: Արփինե Սարգսյանի բնորոշմամբ` հաջողությունը գրանցել են վերջին երեք տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի հետ գործակցության արդյունքում:
Քրեակատարողական հիմնարկներում արձանագրված խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերում դրանք այժմ պարտադիր բժշկական ստուգման են ենթարկվում, փոխանցվում իրավապահ մարմիններին:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Նախկինում այս պրոցեսը բավական խնդրահարույց էր, բայց այսօր, քանի որ մենք ունենք քրեակատարողական հիմնարկից անկախ «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ, պրոցեսի պատասխանատուն բացառապես իրենք են: Հետևապես իրենք արձանագրում են դեպքերը՝ համապատասխան Ստամբուլյան կոնվենցիայի, և տեղափոխում են քննչական մարմին, որպեսզի արդեն այդ մարմինը հասկանա` քրեական վարույթ նախաձեռնո՞ւմ է, թե՞ ոչ: Առնվազն 5 դեպք կա այս պահին, որոնք գրանցվել են:
Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատում «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայությանը և առողջապահության, մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» ծրագրի իրականացումը: Այն մեկնարկել է 2019-ին, կավարտվի այս տարեվերջին: Մարտինա Շմիդտը կարևոր է համարում գործակցության շարունակականությունը, Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան համատեղ ծրագրերի իրագործումը:
Մարտինա Շմիդտ (ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար) - Գործակցության նպատակն է բարձրացնել դատական համակարգի անկախությունը, արդյունավետությունն ու թափանցիկությունը, ապահովել ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը, նվազեցնել նախնական կալանքի ոչ տեղին կիրառումն ու նպաստել պրոբացիայի ծառայության կայացմանը:
Եվրոպայի խորհրդի հետ իրականացվող ծրագրի մեկ այլ կարևոր ձեռքբերում է հեռաբժշկության համակարգի ներդրումը: Առաջին անգամ գործարկվելու է Քրեակատարողական բժշկության կենտրոնում: Ծրագրի շրջանակում Եվրոպայի խորհրդից մի շարք ժամանակակից բժշկական սարքավորումներ են ստացել, այդ թվում` շարժական սոնոգրաֆիկ սարք և արյան անալիզատոր, ինչը հնարավորություն կտա ազատազրկված անձանց առանց այլ հիվանդանոց տեղափոխելու` հենց քրեակատարողական հիմնարկում, բժշկական օգնություն տրամադրել:
Կամո Մանուկյան («Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Դատապարտյալը, ենթադրենք՝ ինֆեկցիոն բնույթի առողջական խնդիր ունի, և քրեակատարողական հիմնարկը չունի նման մասնագետ, այս դեպքում կկապվեն Դատապարտյալների հիվանդանոցի մասնագետի հետ, ով խորհրդատվություն կիրականացնի, անհրաժեշտության դեպքում նաև՝ հետազոտություններ, որի հիման վրա կքննարկվի հետագա բուժման ռազմավարությունը:
2022-ի 10 ամսվա ընթացքում պետական պատվերի շրջանակում Քրեակատարողական բժշկության կենտրոնը 606 ազատազրկվածի բժշկական օգնություն է տրամադրել: