«ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի փակման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների վարչության պետ Ջովաննի Ռիցցոնին:
Նոյեմբերի 29-ին խորհրդարանում նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն:
Ողջունելով հյուրերին՝ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանն արժևորել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի շրջանակում հայ-իտալական արդյունավետ համագործակցությունը և գործընկերային կապերի զարգացումը: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ երկու տարի տևած ծրագրի ավարտից հետո էլ Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների միջև գործակցությունը շարունակական կլինի և հատկապես բարեկամական խմբերի սերտ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի զարգացնել հարաբերությունները տարբեր բնագավառներում՝ կրթության, զբոսաշրջության, արդյունաբերության, ոլորտային օրենսդրության բարելավման:
Հանդիպման ընթացքում Մարիա Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում բարեփոխումների օրակարգը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներին: Հայ խորհրդարանականները խոսել են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի և դրա հետևանքների մասին, բարձրաձայնել 44-օրյա պատերազմից հետո առկա մարդասիրական խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը:
«Ուրախ եմ կրկին Հայաստան այցելելու համար: Հայերն ու իտալացիները շատ նմանություններ ունեն և պետք է խորացնեն համագործակցությունը»,- նշել է իտալացի պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն: Անդրադարձ է եղել Իտալիայում սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին. Ջուլիո Չենտեմերոն նշել է, որ առաջիկայում կձևավորվի Հայաստանի հետ բարեկամական խումբը: