Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ վերջին շրջանում տարբեր սոցիալական հարթակներով գործարար Իլոն Մասկի անունից գովազդվում է Tesla X հարթակը, որը կեղծ տեղեկությունների հիման վրա հանդես է գալիս արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) և ներդրումային ծառայությունների հրապարակային առաջարկով՝ փորձելով ներգրավել ՀՀ քաղաքացիների միջոցները:
«Հայաստանի Հանրապետությունում արժեթղթի (ներդրումային համաձայնագիր) հրապարակային առաջարկով կարող են հանդես գալ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված ազդագրի կիրառմամբ, իսկ ներդրումային ծառայությունների առաջարկով՝ բացառապես ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձինք: Մինչդեռ գովազդվող անվամբ որևէ անձ ՀՀ կենտրոնական բանկի կողմից չի լիցենզավորվել, ինչպես նաև արժեթղթի ազդագիր չի գրանցվել:
Համապատասխանաբար հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին չվստահել ձեր գումարները ՀՀ կենտրոնական բանկի կարգավորման և վերահսկողության դաշտից դուրս գտնվող որևէ անձի (անձանց):
ՀՀ կենտրոնական բանկը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն կամ խորհրդատվություն տրամադրել ՀՀ քաղաքացիներին, ինչի նպատակով Ձեր հարցերը կարող եք ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ: