2800-ամյա Երևան, 2800 հուշամեդալ՝ Արգիշտի առաջինի պատկերով: Հինգ տարի առաջ էր, երբ Արսենը սկսեց հուշամեդալներ արտադրել: 2800-ամյակինը առաջիններից էր, իրագործեցին Երևանի պատմության ու «Էրեբունի» արգելոց-թանգարանների հետ: Արսենը մտադիր է այս կերպ սերնդեսերունդ, երկրից երկիր փոխանցել մեր պատմական ժառանգությունը:
Արսեն Մելիքսեթյան («47 դիզայն» ընկերության տնօրեն) - Չորս տարի անց մենք վաճառեցինք շուրջ 1800 հուշամեդալ ու վերջին 1000 հուշամեդալը որոշեցինք ավելի շուքով վաճառել ու վաճառել մինչև տարվա վերջ:
Արսենի թիմը հուշամեդալի առաջին խմբաքանակը արտադրելիս հաշվի է առել ամեն մանրուք՝ տուփը, մետաղի տեսակը, քարը: Վերջին 1000 օրինակի դեպքում մոտեցումը փոխել են՝ որոշ հատվածներ ոսկեջրել են, սեպագիր արձանագրություն ու Էրեբունին խորհրդանշող պատկերներ ավելացրել տուփի վրա, եռալեզու գիրքը, որը հակիրճ, բայց ամբողջական տեղեկություն կտա Էրեբունի-Երևանի մասին, և այս անգամ տոմս են ավելացրել:
Արսեն Մելիքսեթյան - Գրքի հետ համատեղ առաջին անգամ ավելացրինք 3 տոմս. հնարավորություն կտանք այցելել թանգարաններ, և հաշվարկեցինք, որ 3000 հոգի ավել կուղղորդենք թանգարաններ:
Որոշել են վերջին 1000 նմուշը վաճառել սկզբնական արժեքով՝ 48 հազար դրամով: Եվ ինչպես իրենց նախաձեռնություններում անում են, այս 1000 օրինակի պարագայում ևս՝ գումարի մի մասը կուղղեն բարեգործության: 2.4 մլն դրամ հավասարապես բաժին կհասնի Երևանի պատմության ու «Էրեբունի» թանգարաններին:
Արմինե Սարգսյան (Երևանի պատմության թանգարանի տնօրեն) - Այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մենք 30 հազարից ավելի ցուցանմուշ ենք թվայնացրել՝ լուսանկարներ և փաստաթղթեր, որոնք շատ արժեքավոր են մեր քաղաքի պատմությունը ներկայացնելու համար, և 47 ընկերության հետ գործակցության այս տարվա արդյունքում մենք շարունակելու ենք թվայնացման աշխատանքները, ինչը շատ կարևոր է մեր քաղաքի պատմությունը ոչ միայն մեր հանրությանը, այլև աշխարհին ներկայացնելու համար:
Մյուս գործընկերը՝ «Էրեբունի» թանգարանը, գումարը կուղղի Կարմիր բլուրի տարածքում հնագիտական պեղումներին: Տարածքում կարևոր կառույց են հայտնաբերել՝ հողի տակից խնամքով հանում են հայկական միջնադարյան քարավանատան նախատիպը՝ կառուցված մ.թ.ա. 7-րդ դարում:
Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն) - Մի մասը հուշամեդալների վաճառքից կփոխանցվի, բայց խմբի նախնական հաշվարկներով՝ պեղումն ամբողջությամբ ավարտելու համար մոտ 12 մլն դրամ անհրաժեշտ կլինի:
Թանգարաններին հատկացվող գումարը փոխանցվելու է «Բարի» հիմնադրամին, որը Կարմիր բլուրի պեղումների համար անհրաժեշտ ամբողջ գումարը հավաքելու նպատակով հանգանակություն է նախաձեռնել: Հուշամեդալների վերջին 1000 օրինակը կարելի է գտնել Երևանի պատմության և «Էրեբունի» թանգարաններում, 2800.am կայքում: