Թուրքիան պայքարելու է Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ, քանի դեռ այդ խմբավորման վերջին զինյալը չի չեզոքացվել՝ նախարարների կաբինետի նիստից հետո հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան հաստատակամ է երկրի հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում։
Էրդողանը նաև անընդունելի է համարել այն փաստը, որ, նրա խոսքով, մի շարք երկրներ աջակցում են Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկիչներին:
«Ոչ ոքի չպետք է մտահոգի Թուրքիայի քաղաքականությունը, որը հիմնված է արդարության, բարեկամության և գործակցության սկզբունքների վրա»,- հավելել է նախագահը։
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր Սիրիայի հյուսիսում օդային գործողությունից բացի ցամաքային գործողություն անցկացնելու մտադրության մասին։ Լրատվամիջոցների տվյալով՝ Սիրիային սահմանակից շրջաններում տեղակայված թուրքական ստորաբաժանումներն ավարտել են ցամաքային գործողության նախապատրաստական աշխատանքները և սպասում են այն սկսելու հրամանին: