Նոյեմբերի 29-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Արարատի մարզ:
Առաջին կանգառը Պարույր Սևակի տուն-թանգարանում է, որտեղ նրան դիմավորել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը և թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը:
Թանգարանի տնօրենը, որը նաև Պարույր Սևակի թոռն է, ներկայացրել է տան, այգու պատմությունը, նշել, որ տան մտահղացումը եղել է հենց Սևակինը:
Սևակ Ղազարյանը վարչապետի տիկնոջը նաև գրողի կյանքից է դրվագներ ներկայացրել, ապա ուղեկցել է բուն թանգարանի շենք:
Թանգարանում պահվում է Հայաստանի ամենահին թվագրված խաչքարը, որը գտնվել է գյուղի հարակից տարածքում:
Վարչապետի տիկինը հետաքրքրությամբ լսել է Զանգակատուն գյուղի, Սևակի կյանքի, անցած ճանապարհի պատմությունը, ապա գրություն թողել հուշամատյանում, ծաղիկներ խոնարհել մեծ բանաստեղծի ու նրա ծնողների շիրիմներին:
Մարզում հաջորդ այցելությունը Սուրբ Կարապետ վանքում էր, որտեղ Աննա Հակոբյանին դիմավորել է վանքի վանահայր Տեր Արիստակես վարդապետ Այվազյանը:
Վարդապետը Աննա Հակոբյանին է ներկայացրել 14-րդ դարում Օրբելյան իշխանների կողմից կառուցված վանքի պատմությունը: Վանքը բաղկացած է եկեղեցուց, զանգակատնից, դամբանատնից, միաբանության բնակելի շենքերից ու գերեզմանոցից:
Վարդապետը Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ հաջորդ տարի բարեգործի աջակցությամբ վանքի տարածքում վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն:
Մոմավառությունից հետո վարչապետի տիկինը վանքի տարածքում ծառ է տնկել:
Հաջորդ կանգառը Գոռավանում էր, որտեղ Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Գալստյանների բազմազավակ ընտանիքին: Ալլա Գալստյանի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը ծանոթացել է ընտանիքի կացության պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով:
Ապա Վեդիում վարչապետի տիկինը այցելել է մշակույթի տուն, որտեղ նրան դիմավորել են համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը, մշակույթի տան տնօրեն Տաթևիկ Եղիազարյանը և փոխտնօրեն Արամ Ավետիսյանը:
Մշակույթի շենքը 2013-ին է կառուցվել: Դահլիճում պարբերաբար ներկայացումներ են կազմակերպվում, հաճախ նաև անվճար` Աննա Հակոբյանին են ներկայացրել համայնքապետն ու մշակույթի տան տնօրենը:
Մշակույթի տանն այս պահին 3 խմբակ է գործում` երգի, պարի ու դերասանության, նպատակ ունեն հաջորդ տարի ավելացնել նաև նկարչության խմբակ: Վարչապետի տիկինը հետևել է դերասանական ու երգի խմբերի դասապրոցեսին:
Աննա Հակոբյանը կարևորել է նման ծրագրերի իրականացումը, հորդորել աշխատանքը ճիշտ կազմակերպել և ամեն կերպ հանրությանը մոտեցնել մշակույթին: