Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել, որտեղ քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման ընթացքի, մարզով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության կանխարգելման և ճանապարհաշինության բնագավառում տիրող իրավիճակը: Այդ մասին մարզպետը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
Քննարկվել է նաև մարզի համայնքներին անհրաժեշտ քանակի շչակների տրամադրման և իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը:
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերի բնակարանների նորոգման, մարզում անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացման գործընթացի կազմակերպման հարցերը խորհրդակցության մասնակիցների հատուկ ուշադրության են արժանացել:
«Հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկուցեցին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները»,- նշել է Կարեն Սարգսյանը և ավելացրել. «Ամփոփելով քննարկված հարցերի լայն շրջանակը՝ հանձնարարեցի՝ հետևողական աշխատանք տանել բոլոր հիմնահարցերի կարգավորման ուղղությամբ, մշտապես համագործակցել համայնքապետարանների, ճյուղային նախարարությունների, այլ գերատեսչությունների, միջազգային կառույցների հետ»: Մարզպետը կարևորել է տեղական բյուջեների սեփական եկամուտների ամբողջական հավաքագրման անհրաժեշտությունը, քանի որ դրանից է կախված 2023 թվականի ծրագրերի իրականացումը: