Մոսկվայում Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի մասնակցությամբ մեկնարկել է ռուս-ղազախական ֆորումը։ Մասնակիցներն ընդգծել են բոլոր, մասնավորապես՝ առևտրի ոլորտում երկկողմ գործակցությունը զարգացնելու կարևորությունը:
Պուտինը ևս մեկ անգամ շնորհավորել է Տոկաևին Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել երկրում բարեփոխումների իրականացման գործում։
«Այսօրվա հանդիպումը խորհրդանշական է. վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցով Կասիմ-Ժոմարտ Տոկաևը եկել է հենց Ռուսաստան: Սա ընդգծում է մեր հարաբերությունների առանձնահատուկ բնույթը»,- ասել է Պուտինը։
Տոկաևը համաձայնել է ռուս գործընկերոջ դիտարկմանը, նշել՝ այս այցն իրոք քաղաքական խոր նշանակություն ունի:
ՊԵՍԿՈՎԸ ՀԵՐՔԵԼ Է ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ-ԻՑ ՌԴ ՈՒԺԵՐԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ԼՈՒՐԵՐԸ
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ուկրաինական «Էներգոատոմ» ընկերության ղեկավար Պետրո Կոտինի հայտարարությանը, թե նշաններ կան, որ ռուսական զորքերը կարող են լքել Զապորոժիեի ատոմակայանը, որը Ռուսաստանի վերահսկողության տակ է մարտից։ «Պետք չէ ինչ-որ նշաններ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան և չեն կարող լինել»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
Նա նաև նշել է, որ Մոսկվան ողջունում է միջազգային հանրության, այդ թվում՝ Վատիկանի ջանքերը՝ հարթակ տրամադրելու ռուս-ուկրաինական բանակցությունների համար: Պեսկովը համոզմունք է հայտնել, թե Կիևին, ցավոք, նման հարթակներ պետք չեն:
ԻՐԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԵՐԿՐԻ ԱԳՆ
Իրանում Գերմանիայի դեսպան Հանս-Ուդո Մուզելը կանչվել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Նրան բողոք են հայտնել Իրանում մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար ՄԱԿ-ի մեխանիզմ ստեղծելու՝ Բեռլինի նախաձեռնության կապակցությամբ։ Թեհրանը Գերմանիայի հայտարարությունը անհիմն է որակել, ընդգծել՝ Բեռլինը փորձում է խառնվել Իրանի ներքին գործերին: Բողոքի նոտայում նշվում է, որ «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի արտահերթ նստաշրջանի որոշումը Իրանում զարգացումների վերաբերյալ սխալ և քաղաքական քայլ է»:
«Գերմանիան և եվրոպական այլ երկրներ համաձայն են Միացյալ Նահանգների միակողմանի պատժամիջոցներին, որոնք հանգեցրել են Իրանի ժողովրդի իրավունքների կոպիտ խախտումների: Հետևաբար, նրանք իրավունք չունեն պահանջներ ներկայացնել Թեհրանին մարդու իրավունքների ոլորտում»,- շեշտել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Իրանում ցույցերը շարունակվում են արդեն մի քանի ամիս:
ԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆՑՈՒՄԸ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ
ԵՄ խորհուրդը միաձայն հաստատել է միության պատժամիջոցների շրջանցումը հանցագործությունների ցանկում ներառելու որոշումը՝ թույլ չտալու, որ հակառուսական պատժամիջոցներն անտեսվեն: Բրյուսելի հայտարարության համաձայն՝ այդ հանցագործությունները ներառված են ԵՄ գործունեության մասին պայմանագրում: Այժմ Եվրահանձնաժողովը պետք է առաջարկներ ներկայացնի քրեական հանցագործությունների և ԵՄ սահմանափակումները խախտելու համար նախատեսված պատժի հստակեցման դիրեկտիվի վերաբերյալ: Նախագիծն այնուհետև պետք է քննարկվի և հաստատվի ԵՄ խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից։