Սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողները պետությունից ֆինանսական աջակցություն կստանան:
293 զինծառայողի համար գործադիրը կհատկացնի 146,5 միլիոն դրամ: 500 հազար դրամ աջակցությունը կտրվի ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված, հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած անձանց, որոնք բուժհաստատությունում բուժօգնություն են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ կարող են ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:
Արտակ Հարությունյան (ՀՀ ԱՍՀՆ Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ) - Այսինքն՝ շահառու են այն զինծառայողները, ովքեր չեն հավակնում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերել: 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամները օգտվում են այլ ծառայություններից, ՊՆ-ի կողմից իրականացվող այլ միջոցառումներից:
Միանվագ դրամական օգնությունը կտրամադրի Միասնական սոցիալական ծառայությունը: Ծառայության կայքի միջոցով շահառուները ծրագրին կարող են դիմել մինչև դեկտեմբերի 15-ը։ Արտակ Հարությունյանի խոսքով՝ անհրաժեշտ է ներկայացնել միայն էլեկտրոնային դիմում: Անձնական տվյալներից բացի, որևէ այլ փաստաթուղթ չի պահանջվի:
Արտակ Հարությունյան - Ընդամենը դիմումը ներկայացնելիս նշելու են իրենց վճարային քարտի համարը: Բուժման ծախսերը պետությունն է վճարել, սա որոշակի ծախսեր փոխհատուցելուն է նվիրված: ՊՆ-ն համապատասխան շահառուների ցուցակը տրամադրելիս ԱՆ-ի հետ գործակցելով է տրամադրելու՝ նշելով ախտորոշման տեսակը:
Սոցիալական աջակցության այս ծրագիրն իրականացվել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առողջությունը վտանգած զինծառայողների համար:
Արտակ Հարությունյան - 44-օրյա պատերազմի արդյունքում այս նպատակով հատկացվել է 3 մլրդ 719 մլն դրամ ստացել է 7438 վիրավոր զինծառայող:
Ընթացքում են նաև 44-օրյայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքներին ու վիրավոր անձանց սոցիալական աջակցության ծրագրերը: Անհետ կորած, գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքներին 2021-ից գործադիրն ամեն ամիս հատկացնում է 300 հազար դրամ: