Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու սահմանագծումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և Ալմա Աթայի հռչակագիրը։ «Արմենպրեսին»ն տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ըստ այդմ, պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության:
Պետք է ընդգծել նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտ դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ:
Այս համատեքստում ևս մեկ հանգամանքի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել. չնայած որ թե՛ 2021 թ․ նոյեմբերի 26-ի Սոչիի, թե՛ 2022 թ․ ապրիլի 6-ի Բրյուսելի հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հանձնաժողովների ստեղծումը նախևառաջ սահմանային անվտանգության նպատակ է հետապնդում, համապատասխան հանձնաժողովների ստեղծումից հետո՝ 2022 թ. սեպտեմբերին, Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա իրականացվեց և նոր տարածքներ օկուպացվեցին Ադրբեջանի կողմից, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն պայմանավորվածությունները և միջազգային իրավունքը հարգելու Բաքվի ցանկությունը, այլև այդ հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ իր մտադրություններն առհասարակ»,- նշել է Միրզոյանը:
Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի պնդումներին, թե Հայաստանը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը մասնակցելուց, խոսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներից, գնահատել տարածաշրջանում առկա իրավիճակը:
«Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն ենք հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։
Կարծում ենք, որ Պրահայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր և կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ»,- հավելել է Միրզոյանը: