Չինաստանի մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում զանգվածային ցույցերը շարունակվում են, ոստիկանությունն էլ շարունակում է ձերբակալել COVID-19 համավարակի պատճառով սահմանված լոքդաունների դեմ զանգվածային ցույցերի մասնակիցներին, գրում է BBC-ն։ Ըստ լրատվականի՝ ոստիկանությունը սկսել է նաև դեպքերը լուսանկարող անցորդների ձերբակալությունները Շանհայի փողոցներում, որը դարձել է հակակառավարական ցույցերի կենտրոնը: Բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև, կան ձերբակալվածներ:
Չինաստանի իշխանությունների կորոնավիրուսային քաղաքականության դեմ հակակառավարական ցույցերը սկսվել են նոյեմբերի 26-ին՝ Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքի բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով, ինչի հետևանքով 10 մարդ մահացել է, 9-ը՝ վիրավորվել: Ենթադրվում է, որ բնակիչները չեն կարողացել ժամանակին լքել շենքը՝ COVID-19-ի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականության շրջանակներում արգելափակված ելքերի պատճառով:
Ցուցարարները բողոքում են երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման ֆոնին հակահամաճարակային սահմանափակումների խստացման դեմ և պահանջում են դադարեցնել լոքդաունները Չինաստանում: Արդեն մի քանի օր անընդմեջ երկրում քովիդով հիվանդացության հակառեկորդ է գրանցվում, այսօր արձանագրվել է 40.000-ից ավելի դեպք: