Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 30 տարի առաջ, բայց երկու երկրների բարեկամությունը դարերով է չափվում ու հիմա էլ շարունակում է զարգանալ: Արտաքին գործերի նախարարությունը Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ կազմակերպել է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ (ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ) -
Հնդկաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացումն ու առաջխաղացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են, և ուրախալի է տեսնել, որ Հնդկաստանը իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ այսօր գրանցում է առաջընթաց և նշանակալից ձեռքբերումներ տարբեր ոլորտներում:
Արտգործնախարարի տեղակալը փաստեց՝ հատկապես վերջին տարիներին մեծ աշխատանք է իրականացվել երկկողմ գործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Թվարկեց ոլորտների երկար շարքը՝ պաշտպանություն և տարածաշրջանային անվտանգություն, միջազգային տրանսպորտ ու հաղորդակցություն, զբոսաշրջություն ու միջմարդկային փոխանակումներ, առևտուր, գյուղատնտեսություն, կրթություն ու գիտություն, առողջապահություն ու տեղեկատվական տեխնոլոգիաներ: Մնացական Սաֆարյանը նաև արձանագրեց, որ Հնդկաստանում մեր հարուստ մշակութային ժառանգությունը հոգատարությամբ է պահպանվում այդ երկրի կառավարության ջանքերով ու երախտագիտություն հայտնեց դրա համար:
ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ - Միևնույն ժամանակ գտնում եմ, որ դեռևս կա հսկայական չօգտագործված ներուժ՝ զարգացնելու տնտեսական հարաբերությունները, առևտուրը, օգտագործելու ներդրումային հնարավորությունները, ակտիվացնելու մարդկանց միջև կապերը: Հայաստանն իրապես կարող է օգտվել Հնդկաստանի արագ առաջընթացից՝ պաշտպանունակությունը բարձրացնելու և տնտեսությունը զարգացնելու համար:
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղար Սանջայ Վերման գիտաժողովին միացել էր առցանց: Այս միջոցառումը նա որակեց լավ հնարավորություն թե՛ պատմական ու ժամանակակից կապերը վերհանելու ու թե՛ հետագայում հարաբերությունները ընդլայնելու առումով: Վերջին շրջանում գործակցությունը խորացնելու ուղղությամբ կարևոր քայլ համարեց արտգործնախարարների փոխադարձ այցելությունները:
ՍԱՆՋԱՅ ՎԵՐՄԱ (Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմուտքի քարտուղար) - Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցը Հայաստան 2021 թվականի հոկտեմբերին է տեղի ունեցել: Ապրիլին տեղի է ունեցել փոխադարձ այցը, և սա իսկապես շատ մեծ թափ հաղորդեց մեր համատեղ համագործակցություններին, մեր համագործակցությունը ընդլայնվել է՝ ներառյալ կրթություն, տեխնոլոգիա, զբոսաշրջություն և այլ ոլորտներ:
Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է լուրերին, որ Հայաստանը Հնդկաստանից զենք և զինամթերք է գնել: Նա դրական է համարել երկու երկրների միջև պաշտպանական համաձայնագիրը, նշել, որ կարող ենք համագործակցել նաև զենքի արտադրության ոլորտում: Դիվանագետը կարծիք է հայտնել՝ լավ կլիներ, որ հայ և հնդիկ զինվորականները անցկացնեին համատեղ վարժանքներ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան