Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հարցին:
«Մենք ցավով ենք արձանագրում, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ։
Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը։
Հայկական կողմը, ինչպես և նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու համար»,- նշել է Միրզոյանը: