Մայրաքաղաքում օրեցօր ավելանում է ստորգետնյա տրանսպորտը նախընտրողների թիվը:
Այսպես վերջին տասն ամսում մետրոպոլիտենում ուղևորահոսքի կտրուկ աճ է գրանցվել, նաև՝ զբոսաշրջիկների հոսքով պայմանավորված: Պատկերն է ներկայացնում ավագ կարգավարը:
Մանուշակ Մարտիրոսյան (Երևանի մետրոպոլիտենի ավագ կարգավար) - Մենք ամեն օր ունենում ենք 80-85.000, նույնիսկ` 95.000 ուղևոր: Ժամը 9:00-10.30 րոպե գնացքները շարժում ենք 5 րոպե 30 վայրկյան:
Ուղևորահոսքի ակտիվացման հետ 50 և ավելի տոկոսով ավելացել է նաև մետրոպոլիտենի կոլեկտիվի աշխատավարձը՝ կախված ինչ գրաֆիկով է աշխատանքը՝ գիշերային, թե ցերեկային հերթափոխով: Կառավարությունն իր հերթին, տնօրենի պաշտոնակատարի խոսքով, պետական սուբսիդիա է հատկացրել մետրոպոլիտենին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով:
Բաբկեն Սեդրակյան (Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար) - Օրինակ՝ ես կարող եմ մատնանշել՝ «Երիտասարդական» կայարանի կայարանապետը նախկինում ստացել է 116.000 դրամ, հիմա դարձել ա 250.000: «Մարշալ Բաղրամյան»-«Բարեկամություն» մետրոպոլիտենի կայարանի կայարանապետը ստացել է 110.000, հիմա ստանում է 320.000՝ բայց երկու կայարանը համատեղելով:
Վերջին մի քանի տարում մետրոպոլիտենում աշխատավարձի բարձրացում չէր եղել, ամիսներ առաջ աշխատակիցների մի մասը բողոքի ակցիա էր իրականացրել: 90-ականներից գնացքի մեքենավարի համար սպասված լուր է:
Հովհաննես Բոյաջյան (մեքենավար) - Որ ստանանք՝ կերևա, պետք ա, որ նորմալ լինի:
Մետրոպոլիտենի գնացքների 45 վագոններից այս պահին շահագործվում են միայն 29-ը: Մնացածը վերանորոգման կարիք ունեն՝ նշում է Սեդրակյանը: Վերջին ամսում տնտեսած գումարով այժմ հիմնանորոգում են ևս մեկ շարժակազմ՝ երեք վագոնով:
Բաբկեն Սեդրակյան - Դա երևի կշահագործենք մինչև դեկտեմբերի 20-ը:
Մետրոյի անվտանգ աշխատանքը ապահովելու համար կարևոր է նաև թունելներում տեղադրված օդափոխության համակարգի արդիականացումը: 1981-ից՝ Երևանի մետրոպոլիտենի շահագործման պահից, օդափոխության համակարգը երբևէ չէր փոխվել: Մրցույթով արդեն 14 հատ գերհզոր օդափոխիչներ են ձեռք բերվել:
Սամվել Մնացականյան (Երևանի մետրոպոլիտենի էլեկտրամեխանիկական ծառայության պետ) - Հիմա մենք սպասում ենք տեխնիկական բնութագրով ավելի հզոր, ժամանակակից օդափոխիչներ, էներգախնայող են, կաշխատեն 24 ժամ, ավելի քիչ ծախսով:
«Աջափնյակ» կայարանի հետ կապված վերջին լուրը՝ Բաբկեն Սեդրակյանը նշում է, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. նախագծանախահաշվային 1-ին փուլը ավարտել, գումարը փոխանցել են: