«Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի այն պնդմանը, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Այս հարցին բազմիցս ենք անդրադարձել: Բայց իր ելույթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ:
Ադրբեջանի նախագահը հայտարարում է նաև, որ իր երկրի շուրջ խաղաղություն է հաստատված և էսկալացիայի վտանգ չկա, ապա այլ հարցին ի պատասխան` հայտարարում է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, ապա խաղաղություն չի լինի: Սա նշանակում է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա, հատկապես որ Հայաստանը լիարժեք ներգրավված է խաղաղության հաստատման բովանդակային քննարկումների մեջ»,- ասել է Միրզոյանը:
Հարցին, թե ինչպես է Միրզոյանը գնահատում խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ընթացող աշխատանքները, նախարարը նշել է.
«Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են:
Մենք հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը»: