ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի Ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ամփոփել է Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները, գնահատել Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը:
«Կովկասյան տարածաշրջանում ձևավորվող միտումները զգուշավոր լավատեսություն են ներշնչում։ Բոլոր անդամների նպատակը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է։ Տարածաշրջանի երկրները բռնել են այդ ուղին, ինչը շատ լավ է», - ասել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, այնուհանդերձ, մտահոգություն է հայտնել՝ տեղում իրավիճակը բարդ է՝ հատկապես Հայաստան-Ադրբեջան սահմանին, որտեղ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։ «Նույնիսկ երբ մենք այնտեղ էինք, փոխհրաձգություններ էին լինում»,- հավելել է Զասը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը Երևանին օգնելու համար մի շարք միջոցառումներ է առաջարկում:
«Խոսքը թե՛ քաղաքական-դիվանագիտական, թե՛ ռազմական միջոցառումների մասին է, այդ թվում՝ սահմանին առաքելության տեղակայումը, որը կգնահատի տեղում իրավիճակը: Այս բոլոր կետերը, ընդհանուր առմամբ, ստացել են ՀԱՊԿ բոլոր պետությունների աջակցությունը: Միակ բանը, ինչը չհաջողվեց անել, այնտեղ ստեղծված իրավիճակին միասնական գնահատական տալն էր»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
ՀԱՊԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ. ՊԵՍԿՈՎ
ՀԱՊԿ-ին է անդրադարձել նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա համոզմունք է հայտնել, որ կազմակերպության աշխատանքին միջամտելու և այն կազմալուծելու փորձերը կշարունակվեն:
«Այնուհանդերձ, չնայած բոլոր դժվարություններին, նույնիսկ մասնակից երկրների միջև հնարավոր հակասություններին, կառույցը դեռ պահանջված է: Եվ այն ցույց է տվել իր արդիականությունն ու արդյունավետությունը՝ նկատի ունեմ Ղազախստանում իրավիճակի կարգավորումը»,- ընդգծել է Պեսկովը:
Նա նաև անդրադարձել է Սիրիայում զարգացումներին, նշել՝ Մոսկվան ու Անկարան Սիրիայի հարցում տարաձայնություններ ունեն, սակայն ի վիճակի են դրանք լուծել երկխոսության միջոցով:
ԲԱՔՎՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԱԼԻԵՎԸ ԵՎ ՌԻՔԵՐԸ
Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքների և հնարավոր խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ: Բարձր է գնահատվել այն փաստը, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը մշտապես ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուշադրության կենտրոնում է:
ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐՍԿՍԵԼ Է ՀԱՐՎԱԾԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՔՐԴԱԿԱՆ ՈԻԺԵՐԻՆ
Թուրքիայի զինված ուժերը վերսկսել են հարվածները Իրաքյան Քրդստանի ուղղությամբ՝ հայտնում են իրաքյան լրատվամիջոցները:
Նշվում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի մարտիկները հետ են մղել թուրքամետ կազմավորումների գրոհները, որոնք փորձել են ներթափանցել Հասեքե նահանգ: ԶԼՄ-ների տվյալով՝ թուրքական կողմը գրոհել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» պաշտպանական դիրքերը Այն Իսա քաղաքում, որտեղով անցնում է Սիրիայի արևելյան և արևմտյան շրջանները կապող ռազմավարական մայրուղին։
Թուրքական ուժերը կրակ են բացել նաև Հալեպի ուղղությամբ՝ արձակելով շուրջ 800 արկ: Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը ռազմական ուժեր և զրահատեխնիկա է տեղափոխել Հալեպի նահանգային կենտրոնից հյուսիս-արևելք՝ Այն ալ Արաբ քաղաք։
Թուրքական կողմի տվյալով՝ Սիրիայում և Իրաքում «Ճանկ-սուր» գործողության ընթացքում երկու թուրք զինվորական է զոհվել, իսկ վերջին երկու օրվա ընթացքում սպանվել է 22 զինյալ։ Հանրապետության պաշտպանության նախարարությունից զգուշացրել են, որ Անկարան կշարունակի վրեժխնդիր լինել զոհված թուրք զինվորականների և քաղաքացիների համար։
Նախատեսվում է, որ Թուրքիայի կառավարությունն այսօր կքննարկի Սիրիայի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ ցամաքային գործողության հնարավորությունը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուհանդերձ, չի բացառում, որ Անկարայի և Դամասկոսի հարաբերությունները կարող են բարելավվել, ինչպես բարելավվում է Անկարայի և Կահիրեի երկխոսությունը։
ԻՐԱՆԻ ՄԵՋԼԻՍՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՇՀԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Իրանի Մեջլիսը ձայների մեծամասնությամբ ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպությանը երկրի անդամակցության մասին օրինագիծը։ Խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամուին նշել է, որ կազմակերպությունը միջազգային կարևորություն ունի։
«Ռուսաստանի և Չինաստանի մասնակցությամբ այս կառույցը տարածաշրջանային ամենանշանակալի կազմակերպություններից է՝ հաշվի առնելով այդ երկրների միջև տնտեսական գործակցության ծավալը։ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին ցույց է տալիս Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության բազմակողմանիությունը»,- նշել է պաշտոնյան։
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ ԵՆ
Չինաստանում զանգվածային ցույցեր են: Բնակիչները բողոքում են երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման ֆոնին հակահամավարակային սահմանափակումների խստացման դեմ: Արդեն մի քանի օր անընդմեջ Չինաստանում քովիդով հիվանդացության հակառեկորդ է գրանցվում, այսօր արձանագրվել է 40.000-ից ավելի դեպք:
Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են եղել, կան ձերբակալվածներ:
Լրատվամիջոցների տվյալով՝ զանգվածային ցույցերի առիթ է դարձել Ուրումչի քաղաքում բնակելի շենքերից մեկում նոյեմբերի 24-ին բռնկված հրդեհը:
Բնակիչների մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, ինչի պատճառով նրանք փակված են եղել տանը և չեն կարողացել արագ լքել վառվող շենքը:
10 մարդ զոհվել է, ևս 9-ը՝ վիրավորվել։