2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր սահմանվել 600 տոննա, որից որսվել է 554.86 տոննա (548604 կգ) սիգ՝ տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Խիստ արգելք կկիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
Վերահսկողության համատեղ միջոցառումների շրջանակում գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ:
Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ:
Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:
Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա սահմանվելու է խիստ վերահսկողություն, մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղակայվելու են հսկիչ կետեր (Սևան-Երևան ՃՈ հենակետ, Սևան-Դիլիջան թունել, Սևան-Վարդենիս՝ Ճամբարակի խաչմերուկ, Մարտունի-Սելիմի լեռնանցք, Գեղամավան- Վարսեր խաչմերուկ)։
«Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։
Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։
Նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է միջոցառման բոլոր կետերի արդյունավետ կատարումը, դրանց հաջորդականության ու շարունակականության պատշաճ ապահովումը։