Մարկ Գրիգորյան (Հայաստանի ճարտարապետության պատմության ինստիտուտ-թանգարանի տնօրեն) - Տեսեք՝ մեր դիմացը կանգնած է շենքի ճակատ, որի վրա կառուցվելու է բազմահարկ շենք, և մենք մտածելու ենք, որ այս շենքը պատմակա՞ն է, իհարկե ո՛չ, դա ինքնախաբեություն է
Սախարովի հրապարակ, Բուզանդի փողոց, Արամի փողոց, Մաշտոցի պողոտա... Երևան, Գորիս, Գյումրի. ընդհանուր մոտ 5000-ի է հասնում Հայաստանում հուշարձանի կարգավիճակ ունեցող, բայց մասնավոր սեփականություն հանդիսացող շինությունների թիվը:
Մարկ Գրիգորյան - Հրշեջների շենքը Սախարովի հրապարակի վրա, որը ինձ թվում է՝ սեփականատերը թողնում է հատուկ, որ քանդվի ու մի նոր բան սարքի: Այդպիսի շենքերը շատ-շատ են, միայն այդ երկուսը չեն, և բոլորը սեփականաշնորհված են, օրինակ՝ Մարգարյանի ծննդատան կողքի գտնվող շենքը, Առաջին հանրապետության կենտրոնական բանկն էր այնտեղ, մասնավոր է, փակել գնացել է տերը:
Երևանյան հուշարձանները մոտ 800-ն են, դրանց պահպանության պատասխանատուի խոսքով ևս՝ մեծ մասը մասնավորի ձեռքին է:
Հարություն Վանյան (Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Գյումրիի «Կումայրիում» 1000 հուշարձան կա, էլի մեծ մասը մասնավոր է:
Թե ինչու կամ ինչպես են հուշարձան համարվող շինությունները դարձել սեփականություն, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը մանրամասնում է՝ կա Հայաստանի սեփականությունը համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների մասին օրենք, որով էլ կանոնակարգվում է, թե որ հուշարձանները չեն կարող օտարվել:
Հարություն Վանյան - Դրանց թիվը մոտ 19.000 է, բայց հուշարձանների ընդհանուր թիվը 25.000 է, հետևաբար 4-5000 հուշարձան օրենքով արգելք չկա սեփականաշնորհման, նաև պետք չէ մոռանալ, որ կան հուշարձաններ, որ մասնավոր են եղել, և հետո են հուշարձանի կարգավիճակ ստացել:
Սեփականաշնորհված հուշարձաններն ընդհանուր ցանկից առանձնացված չեն, բայց մարզերում գործող ՊՈԱԿ-ների աշխատակիցները այդպիսի հուշարձանների մասին պարբերաբար տեղեկություններ են տալիս՝ վստահեցնում է Վանյանը:
Հարություն Վանյան - Մասնավորին պատկանող հուշարձանների սեփականատերերին են գտնում կադաստրի միջոցով և գրավոր տեղեկացնում ենք: Տեսքը չփոխելով՝ փոխում են գործառույթը, ոչ միայն որպես բնակելի, այլ որպես հյուրատուն են օգտագործում:
Շատ դեպքեր են եղել, երբ սեփականատերը վերականգնելու փոխարեն մաշվող հուշարձանը վաճառել է՝ անկարող լինելով կատարել պարտավորությունները:
Իսկ սեփականատերերի պարտականությունները ամրագրված են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքի 36-րդ հոդվածում. այլ պահանջներին զուգահեռ, սեփականատերը պետք է՝
ա) ապահովել հուշարձանի պահպանությունը և անվթարությունը.
բ) սահմանված կարգով տալ հուշարձանի պահպանական պարտավորագիր լիազորված մարմնին` հանրապետական նշանակության հուշարձանի դեպքում, կամ պետական կառավարման տարածքային մարմնին` տեղական նշանակության հուշարձանի դեպքում.
գ) ապահովել հուշարձանի մատչելիությունն ուսումնասիրման և պահպանության վերահսկման համար.
դ) կատարել հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ.
ե) հուշարձանը պահել բարեկարգ և մաքուր վիճակում, վերացնել օգտագործման ընթացքում հուշարձանին և դրա պահպանության գոտուն պատճառված վնասները.
զ) լիազորված մարմնին նախապես տեղեկացնել հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի, դրա պահպանման և օգտագործման պայմանների փոփոխման մասին:
Իսկ եթե այս պարտավորությունները չեն կատարվում, օրենսդրությունը կառավարությանը հնարավորություն է տալիս դիմել դատարան ու պահանջել վերցնել հուշարձանը սեփականատիրոջից՝ նրան տրամադրելով փոխհատուցում: Չնայած օրենսդրական այս կարգավորմանը՝ անմխիթար վիճակում գտնվող բազմաթիվ հուշարձաններ կան, բայց դրանք սեփականատիրոջից վերցնելու ոչ մի նախադեպ:
Հարություն Վանյան - Գլոբալ լուծումը ես չեմ տեսնում, որ իրավական գործիքով հնարավոր է բոլոր հուշարձանների վերականգնումը իրականացնել:
Ճարտարապետության պատմության ինստիտուտ-թանգարանի տնօրենն ընդունում է՝ բոլոր հուշարձանները միանգամից նորոգելու փող չկա, բայց պետք է կապ չունենա՝ շենքը մասնավո՞ր է, թե՞ պետական, կարևոր է ճիշտ առաջնահերթությունը:
Մարկ Գրիգորյան - Որպես առաջնային նշանակություն կնշեի Բուզանդի փողոցի հատվածը, որը բավական փչացել է, բայց փրկել հնարավոր է, Կոնդի մզկիթը, որը սեփականաշնորհված է մի քանի ընտանիքների կողմից, որոնք երազում են այդտեղից գնալ, Արամյանենց տունը:
Ամբերդի, Սելիմի քարավանատան, Լոռի բերդի պարիսպների ու բաղնիքների, Տավուշի բերդի, Սրվեղի վանքի նորոգումը հետաձգել չի կարելի, նախատեսված է գալիք տարի: Մարկ Գրիգորյանը, վերականգնման հրատապության առումով, հիշատակում է նաև մասնավորի ձեռքում գտնվող մի կարևոր հուշարձան:
Մարկ Գրիգորյան - Հովհաննես Քաջազնունու տունը՝ ես դիմել եմ, որ գոնե հուշատախտակը դրվի այդ տան կողքին, որ իմանան՝ ո՛ւմ տունն է: Դեռ արձագանք չկա քաղաքապետարանից:
Արամ Մանուկյանի տան դեպքում էլ ամեն անցնող օր ավելի է մոտեցնում փլուզման վտանգը: Վանյանն այս դեպքում նշում է՝ տարածքը հանրային գերակա շահ է ճանաչված, բայց կա իրացման խնդիր:
Հարություն Վանյան - Նախնական էսքիզային տարբերակով այդ շենքը պետք է վերականգնվի, քանի որ իրոք շատ վթարային է, հուշարձանների դեպքում կան մեթոդներ նույնությամբ վերականգնման և հնարավոր է: Էսքիզային փուլը քննարկել ենք: Ե՛վ ներդրողի, և՛ Կառավարության տեսանկյունից այն ենթակա է վերականգնման: Պարզապես այդ տարածքում իրացման խնդիր կա, դատական պրոցեսն է երկարում:
Վանյանի հավաստմամբ՝ այդ նույն պատճառով չի մեկնարկում նաև «Հին Երևան» նախագիծը, որի մասին հայտարարվեց տարիներ առաջ: Այն պետք է վերականգներ 19-20-րդ դարերի երևանյան միջավայրը, սակայն անորոշ ժամանակով հետաձգվել է:
Մարկ Գրիգորյան - Ուղղակի մեզ մի քիչ ավելի քաղաքական կամք է պետք:
Քաղաքական կամքի օրինակներ է բերում, թե ինչպես են այլ երկրներում պահպանում պատմական հուշարձանները:
Մարկ Գրիգորյան - Մեծ Բրիտանիայում պատմական հուշարձանների մի քանի ցուցակ կա, կան նաև մասնավոր սեփականություն հանդիսացող, տերերը փոխելու իրավունք չունեն ոչինչ, դռներ պատուհաններ, պատմական շենքում եվրոդուռ կամ պատուհան ունենալը ճիշտ չէ: Լուժկովը մեծ կալվածք էր ձեռք բերել, բայց ոչինչ փոխել չկարողացավ ու վաճառեց: Բերեզովսկին մի քանի տարի փորձում էր վերականգնելու իրավունք ստանալ ու միայն 10 տարի հետո ստացավ, շատ խիստ է այնտեղ:
Անգամ խիստ մաշված կամ արդեն քանդված, փլուզված շենքերը ևս հնարավոր է վերականգնել՝ եթե կան գումար ու ցանկություն: Աշխարհն այդ փորձն էլ ունի:
Մարկ Գրիգորյան - 1944-ին նացիստները Վարշավայի մի թաղամաս իսպառ ոչնչացրին, տրակտորներով, ամբողջ թաղամասը վերականգնված է, և այնպես, որ չիմանալով պատմությունը, չեք իմանա, որ հինը չի, քանի որ արվել է խնամքով և մեծ ուշադրությամբ սեփական պատմական ժառանգության հանդեպ:
2020 թ. բյուջեով հուշարձանների վերականգնման համար հատկացվել էր 64 մլն դրամ, վերաբաշխումների արդյունքում փաստացի ծախսվել 74 մլն,
2021-ին բյուջեով հաստատվել էր 75 մլն դրամ, ծախսվել 320 մլն,
2022-ին 108 մլն հաստատված գումարի փոխարեն հուշարձանների պահպանության և վերականգնման համար ծախսվել է 300 մլն,
2023-ի բյուջեով էլ հաստատված գումարը 660 մլն դրամ է:
Թեև ամեն տարի պետությունն ավելի շատ գումար է հատկացնում հուշարձանների պահպանման համար, միայն պետական սեփականություն հանդիսացող հուշարձանների ցանկում 400-500 հուշարձան կա, որոնց վերականգնումը, մասնագետների գնահատմամբ, խիստ հրատապ է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան