Բջջայինին նամակ, սոցհարթակներում հիշեցում տարածելով մայրաքաղաքային իշխանությունը բնակչությանն այս փուլում ակտիվ հորդորում է՝ հասցրեք մինչև դեկտեմբերի 1-ը վճարել տան, հողամասի կամ ավտոմեքենայի գույքահարկը, այլապես տույժ է հաշվարկվելու։
Վերջնաժամկետից մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչությունում արձանագրում են՝ տարվա վճարումը շատերը դեռ չեն արել։
Արման Ջհանգիրյան (Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար) - էս պահին ընդամենը 70 տոկոս է կատարողականը, որ կատարել են քաղաքացիները ընթացիկ տարվա համար անշարժ գույքի և փոխադրամիջոցի համար հաշվարկված վճարումները:
Համեմատաբար պարտաճանաչ մարդիկ վճարում են ավտոմեքենայի գույքահարկը, որովհետև դրանից հետո միայն կարող են տեխզննություն անցնել կամ ԱՊՊԱ պայմանագիր կնքել։ Անշարժ գույքի դեպքում ավելի շատ թաղապետարանի ֆինանսական տեսուչներն էին տներ այցելում, հարկը գանձում, կտրոնը տալիս։ Հիմա արդեն այդպես չի լինելու․ ամռանից ուժի մեջ մտած «Անկանխիկի մասին» օրենքն արգելում է դա։ Գումարն այժմ վճարելու մի քանի տարբերակ կա, առաջին՝ ամենահեշտն առցանց եղանակն է:
Հաշվի առնելով, որ բնակչության մի մասի համար էլեկտրոնային վճարումը խնդիր է, բացի այդ, մարդիկ սովոր են թաղապետարաններում վճարում կատարել, Երևանի ավագանին նորամուծության պատճառով մրցույթ է անցկացրել ու վարչական շրջաններում քաղաքացիների սպասարկման նպատակով տերմինալ դնելու թույլտվություն տվել։ Նաև՝ «Հայփոստին» են վարձակալությամբ տեղ հատկացրել, որ նրանք գոնե ընդունեն քաղաքացիների վճարումը։ Երկու հնարավորությունն էլ ապահովել են, բայց նախկինում իրենց աշխատողները նաև գնում, ճոխ առանձնատների թանկ գույքահարկը կես-կես գանձում էին, հիմա դրա իրավունքը չկա՝ ասում է Էրեբունի վարչական շրջանի եկամուտների գանձման պատասխանատուն։
Սարգիս Արաբյան (Էրեբունի վարչական շրջանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար) - Մի քիչ դժվարացել ա հավաքագրումը, որովհետև կանխիկ գումար մենք մեծ գումար էինք կարողանում ապահովել, անկանխիկի պատճառով, որովհետև սովոր էին, որ գնում էին, իրենց դուռը խփում էին, ասում էին՝ ունեք վճարում:
Հիմա կարող են միայն փոստով ծանուցում ուղարկել, բայց դրանք հաճախ չբացած հետ են գալիս՝ արկղից պատահական մի ծրար է բացում Սարգիս Արաբյանը։
Գույքահարկի գանձումն անկանխիկ դարձնելը բարեփոխման մի մաս է, բայց մեծահասակների համար անհարմարություն է ստեղծել, նաև ֆինանսական լրացուցիչ ծախս ավելացրել մարդկանց վրա․ ամեն գործարքից միջնորդավճար է գանձվում։
Որ տարբերակով հարմար է՝ վճարեք, բայց չթողնեք պարտք կուտակվի, քանի որ վերջերս կատարված մեկ այլ փոփոխությամբ՝ գույքահարկի մասին ինֆորմացիան նույնպես արդեն փոխանցվելու է քաղաքացու վճարունակությունը գնահատող ԱՔՐԱ համակարգին։ Սա նշանակում է՝ հարկը չվճարողին բանկերը, հնարավոր է՝ մերժեն, վարկ չտան՝ զգուշացնում է քաղաքապետարանի պաշտոնյան։
Գույքահարկը, ի դեպ, կադաստրային ու շուկայական արժեքների մոտարկումից հետո մինչև 2026 թվականն ավելանալու է․ հաջորդ տարվա գումարն այժմ վճարածից շատ է լինելու 5 տոկոսով։