Բազմաբնակարան շենքերի նկուղները, նախատեսված լինելով արտակարգ իրավիճակներում ապաստարան օգտագործելու համար, երբևէ իրենց նպատակին չեն ծառայել: Տարիների ընթացքում բնակիչները դրանք կամ զավթել են, կամ վերածել աղբավայրի:
Մելքոն Խաչատուրյան (համատիրության կառավարիչ) - Մեր բոլոր շենքերի նկուղները նախատեսված են որպես տեխնիկական հարկեր, որտեղով խողովակներ, կոյուղի, ջուր անցնելու համար ա: Երկար տարիներ ընթացքում բաց վիճակ ա եղել, աղտոտված, կոնկրետ էս նկուղից 1-1.5 մեքենա աղբ ենք հանել տարբեր ձևի: Կան նկուղներ, որտեղ բնակիչները վաղուց արդեն զավթումներ են կատարել:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարականից հետո Դավթաշենում բոլոր նկուղները մաքրել, ինքնակամ կառույցներն ապամոնտաժել են: Վարչական շրջանի ղեկավարը վստահեցնում է՝ ոչ մի նկուղ անձնական օգտագործման համար չի ծառայելու: Ռոման Համբարձումյանը խոստանում է անձամբ հետևել, որ գործընթացը հետագայում ևս պատշաճ կազմակերպվի:
Ռոման Համբարձումյան (Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար) - 30-40 տարվա ընթացքում ստեղ ով ինչ ուներ հարևաններից, հավաքել էր, պահել էր: Մենք սաղ հավաքել ենք, հարևանների, բնակչության հետ կապ ենք հաստատել, իրենք էլ մեր հետ հավասար հասկանում են, թե ինչի համար ա, Աստված չանի, եթե ինչ-որ դեպքեր լինեն, ունենանք տեղ: Lուսավորությունը, լարերը քաշած ա, հոսանքը կա:
Երևանի քաղաքապետը շեշտում է՝ թեև օրենքի տեսանկյունից քաղաքային իշխանությունը բազմաբնակարան շենքերի նկուղները մաքրելու լիազորություն չունի, այդուհանդերձ մեծ մասը բարեկարգել են, բայց երաշխիք չունեն, որ դրանք հետագայում շինաղբով նորից չեն լցվի:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Մենք Երևանում ունենք 4800 բազմաբնակարան շենք, որպես այդպիսին չենք հասցնի որևէ գործողություն իրականացնել: Դրա համար հորդորում և խնդրում եմ մեր քաղաքացիներին, որ ակտիվ աշխատեն համատիրությունների հետ, աշխատեն իրենց հարևանների հետ, շատ դեպքերում էդ նկուղները բանալիներով փակված են լինում կամ նկուղները վերածված են լինում ինչ-որ պահեստային մասերի:
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ շինաղբը մաքրելիս արտառոց դեպքերի չեն հանդիպել, փոքր տարածքների զավթումների մի քանի դեպք են միայն արձանագրել, խնդիրը տեղում լուծել, զգուշացրել՝ ցանկացած նոր դեպք հայտնաբերելիս այն կքանդեն ու բնակչին վարչական պատասխանատվության կենթարկեն:
Ռոման Համբարձումյան - Հավատացեք, ամեն րոպե ժողովուրդն էլ թեժ գծով, թե անձնականով գրում են՝ մեր նկուղը որտեղ է, ոնց է, մենք իջել ենք, տեսել ենք, մաքուր է, մաքուր չէ: Հիմա որ շենքը ուզենաք, էդ ձև՝ արագ-արագ կապ ենք հաստատում համատիրության հետ, բնակչի հետ, էնպես ենք արել, որ ամենամաքսիմում ձևով վայրկյանների ընթացքում դուռը բացվի: Բաց ենք թողնում և էնքան ա, որ մի փոքր շուն-կատու չմտնելու համար պուճուր լարով ամրացնում են:
Երևանի քաղաքապետարանը վերջին 1.5 տարում նաև ազդարարման հետ կապված տարբեր վարչական շրջաններում շչակներ է տեղադրել ու փորձարկել: Ստեղծվել է նաև հատուկ ծրագրային համակարգ, որը հնարավորություն է տալիս շչակն օնլայն եղանակով գործարկել:
Հրաչյա Սարգսյան - Կարող եմ ասել, որ 80 տոկոսից ավելի Երևան համայնքն էս պահի դրությամբ փակված է, և շչակները կարող են ազդարարել անհրաժեշտության դեպքում: Մոտ ժամանակներս էլի փոփոխություններ ենք իրականացնելու և էդ շեմը 80-ից կհասցնենք արդեն 100-ի:
44-օրյա պատերազմից հետո Երևանի քաղաքապետարանը ի հայտ եկած բացթողումներն ուսումնասիրելու, դրանք լուծելու համար ստեղծել է զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության վարչություն: Այս կառույցը մայրաքաղաքում պետք է ուսումնասիրի, գույքագրի և լուծի այդ խնդիրները: