ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ: Ակումբի գլխավոր տնօրեն Գոհար Վարդանյանն ու գործադիր տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը վարչապետի տիկնոջն ուղեկցել են ակումբի թանգարան, որն իր տեսակով միակն է Հայաստանում:
Այս ակումբի տարածքում է խորհրդային տարիներին կազմավորվել Հանրապետական ֆուտբոլի դպրոցը, որի սաներն են եղել «Արարատ 73»-ի մի շարք ֆուտբոլիստներ:
Գոհար Վարդանյանն ու Դավիթ Մարտիրոսյանը վարչապետի տիկնոջը տեղեկացրել են՝ ակումբը հիմնադրվել է 1992 թվականին, առաջին անունը եղել է «Բանանց»՝ ակումբի հիմնադիր Սարգիս Իսրայելյանի հայրենի գյուղի անվամբ: 2019 թվականին ակումբը վերանվանվել է «Ուրարտու»: Ակումբը տարիներ առաջ հյուրընկալել է նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահներին: Ներկայումս ակումբի մարզաբազայում 1500-ից ավելի տղաներ ու աղջիկներ են մարզվում:
Թանգարանում Աննա Հակոբյանին ներկայացրել են 44-օրյա պատերազմում զոհված Սիմոն Իսրայելյանի անկյունը, որն ակումբում աշխատել է որպես ադմինիստրատոր: Նրա միակ որդին հիմա ուսանում է «Ուրարտու» ակադեմիայում:
Աննա Հակոբյանը շրջել է փակ ու բացօթյա մարզադաշտերում, հետևել փոքրերի մարզմանը, որոնք խոստացել են 2 տարուց չեմպիոն դառնալ, ապա հետևել նաև աղջիկների և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմերի մարզմանը: Մարզիչը վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ֆուտբոլիստների ստորագրություններով գնդակ է նվիրել։
Ակումբի նախագահ Ջեվան Չելոյանցն էլ ներկայացրել է ակումբի պլաններն ու առաջիկա անելիքները: Նպատակ ունեն 4-րդ կարգի ստադիոն կառուցել ակումբի համար:
Ֆուտբոլը միայն տղաների համար չէ, ֆուտբոլը նաև աղջիկների համար է, և սպորտում հավասարությունը պարտադիր է՝ ակումբի սաների հետ շփման ընթացքում ընդգծել է Աննա Հակոբյանը:
Երեխաները պատմել են ընթացիկ մրցաշրջանի ձեռքբերումներից, ապա հարցեր ուղղել վարչապետի տիկնոջը:
«Բոլորին պետք է հավասար հնարավորություններ տրվի»,- նշել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ խոսքը միայն ֆուտբոլի մասին չէ, դա վերաբերում է նաև զինվորական մասնագիտությանը կամ այլ բարձր պաշտոններին:
Այցի ավարտին Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել Սիմոն Իսրայելյանին, Արկադի Անդրեասյանին, Հովհաննես Զանազանյանին և Էդվարդ Գրիգորյանին նվիրված հուշահամալիրում: