Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել եգիպտական AlQahera News լրատվական ալիքին:
AlQahera News - Ինչպե՞ս կգնահատեք Շարմ Էլ Շեյխում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը:
- ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովներն արդեն ավանդաբար դարձել են բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ գլոբալ հիմնախնդիրների բարձրաձայնման և դրանց հակազդեցության մեխանիզմներ գտնելու ճանապարհին կարևոր միջոցառումներ:
Շարմ Էլ Շեյխում կազմակերպված 27-րդ համաժողովն այս առումով բացառություն չէր, և պետք է նկատել, որ համաժողովի շրջանակներում կազմակերպված կլոր սեղաններն ու երկկողմանի հանդիպումներն արդյունավետ էին, ինչպես հիմնախնդիրները խորությամբ գնահատելու, այնպես էլ դրանց լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից:
- Ի՞նչ չափով է Հայաստանն ազդվել կլիմայի փոփոխությունից:
- Կլիմայի փոփոխությունն ու վերջինիս ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գլոբալ հիմնախնդիր է, որը չի կարող շրջանցել Հայաստանը կամ աշխարհի ցանկացած այլ երկիր՝ անկախ աշխարհագրական դիրքից, տարածքի մեծությունից կամ որևէ այլ հատկանիշից: Բնականաբար այդ փոփոխություններն անդրադառնում են Հայաստանի կլիմայական պայմանների վրա:
Ըստ մասնագետների գնահատման՝ Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,3 աստիճանով, տեղումները պակասել են 9 տոկոսով՝ մեր երկիրը դարձնելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կլիմայի փոփոխության ամենախոցելի երկրներից մեկը:
Արդյունքում հիմա արդեն լրջագույն խնդիր է դարձել ջրային ռեսուրսների աննախադեպ նվազումը, եղանակն է անսովոր փոփոխությունների ենթարկվել՝ ձմեռն ավելի մեղմ է, ամառն ավելի տաք: Կլիմայի փոփոխության ազդեցության գնահատումը բավական բարդ գործընթաց է, պահանջում է մշտական և երկարատև դիտարկում և վերլուծություն: Օրինակ՝ այդ փոփոխությունները բերում են գյուղատնտեսության մեջ ավանդական մշակաբույսերի ցանքսի և բերքահավաքի ժամանակահատվածի փոփոխության: Մյուս կողմից՝ կլիմայական փոփոխություններն ու ջերմաստիճանի բարձրացումն ունենում է նաև սոցիալական հետևանքներ:
Լայն առումով կլիմայի փոփոխություններն ունեն իրենց տնտեսական հետևանքները, քանի որ նման իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում առավել զարգացնել «կանաչ տնտեսությունները», առանձնահատուկ մոտեցում որդեգրել էներգիայի բնական, այլընտրանքային աղբյուրների՝ արևի, քամու էներգիայի կիրառության նկատմամբ և տնտեսական զարգացման մեջ շեշտը դնել բարձ տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր էներգիայի օգտագործման վրա:
- Որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար անհրաժեշտ հրահանգներին։ Ի՞նչ կարող է առաջարկել Ձեր երկիրը կլիմայական ճգնաժամի պայմաններում:
- Հայաստանը ստորագրել է կլիմայի փոփոխությունների հակազդեցության միջոցառումների վերաբերյալ Փարիզյան կոնվենցիան և դրանով իսկ ստանձնել մի շարք պարտավորություններ: Համաձայն այդ պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետությունը 2030 թվականին պետք է նվազեցնի ջերմոցային գազի արտանետումները 40%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ: Հայաստանը ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակման փուլում է, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության:
Մենք հանձնառու ենք մեր պարտականությունների իրականացման հարցում և այստեղ այլ կարծիք լինել չի կարող: Կլիմայի փոփոխություններն առանձին վերցրած երկրների հիմնախնդիր չեն և վերաբերում են ամբողջ աշխարհին և ցանկացած երկիր իր հնարավորությունների սահմաններում պետք է իր նպաստն ու դերակատարությունն ունենա համաշխարհային ընդգրկում ունեցող հիմնախնդիրներին և մարտահրավերներին դիմակայելու գործում:
- Արդյոք Եգիպտոսի և Հայաստանի համագործակցության ոլորտները ներառո՞ւմ են կլիմայի փոփոխության խնդիրը: Որո՞նք են Եգիպտոսի և Հայաստանի միջև այլ ոլորտներում համագործակցության առավել ակնառու ուղղությունները:
- Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն ու համագործակցությունը լավագույն ավանդույթներն ու զարգացման մեծ ներուժ ունեն: Այս տեսանկյունից բնականաբար մենք պատրաստակամ ենք ոչ միայն խորացնել առկա փոխգործակցությունն, այլև ընդլայնել համագործակցության ոլորտները:
Այս տարի մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. կարևոր ուղենիշ, որը, համոզված եմ, նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի հետագա ընդլայնման համար:
Չնայած վերջին տարիների մարտահրավերներին (կորոնավիրուս, Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, իրավիճակն Ուկրաինայում) հայ-եգիպտական հարաբերությունները շարունակել են զարգանալ ու խորանալ, և գուցե էլ ավելի ամրապնդվել: Պահպանվել է մեր երկրների միջև բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը: Ակնկալում ենք բարձր մակարդակի այցելություններ Եգիպտոսից հաջորդ տարվա սկզբին:
Տնտեսական հարաբերությունների առումով էլ կա առաջընթաց: Այս տարին բավականին խոստումնալից է, առաջին ութ ամիսների ընթացքում փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է հինգ անգամ, տարեվերջին, իհարկե, ակնկալում ենք ավելի բարձր ցուցանիշներ:
Ավելի ցայտուն օրինակ է զբոսաշրջությունը: Եգիպտոսն արդեն դարձել է մեր քաղաքացիների սիրված վայրերից մեկը: Փոխադարձ տուրիստական հոսքերի ակտիվացման համար նոր խթան կհանդիսանա բոլորվին վերջերս Հայաստանի և Եգիպտոսի միջև վիզային ռեժիմի դյուրացումը և պարզեցումը:
Հայ-եգիպտական համագործակցության ուղղություններից մեկը կարող է դառնալ նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների դեմ միասնական պայքարը: