Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց իր ելույթներում ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Ադրբեջանի նախագահը հայտարարում է նաև, որ իր երկրի շուրջ խաղաղություն է հաստատված, և էսկալացիայի վտանգ չկա, ապա այլ հարցի ի պատասխան հայտարարում է, որ եթե Հայաստանը չստորագրի Խաղաղության պայմանագիրը, ապա խաղաղություն չի լինի: Սա նշանակում է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա, հատկապես որ Հայաստանը լիարժեք ներգրավված է խաղաղության հաստատման բովանդակային քննարկումների մեջ:
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հարցին ի պատասխան՝ ինչպես է գնահատում Խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ընթացող աշխատանքները, Միրզոյանը հիշեցնում է, որ Հայաստանը Ադրբեջանին է ներկայացրել իր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և միայն նախօրեին է ստացել նրանց պատասխանները: Գլխավոր դիվանագետը նշում է, որ քննարկումները շարունակվում են, և հույս հայտնում, որ այս հարցում համաձայնության կհասնեն հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը։
Բաքուն կրկին հնչեցնում է պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին թեզը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Երևանն այս առնչությամբ: Արտաքին գործերի նախարարը հստակեցնում է՝ նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։
Արարատ Միրզոյան - Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ ու նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ըստ այդմ` պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության: Պետք է ընդգծել նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտը դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ:
ՀՀ-Ն ԱԴՐԲԵՋԱՆԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԱԿԱՆԱՊԱՏ ԴԱՇՏԵՐԻ ԲՈԼՈՐ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ
Անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդմանը, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ, և շարունակում է նոր ականներ տեղադրել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուն մեկնաբանում է՝ Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր մոտ առկա բոլոր քարտեզները, չնայած նման հանձնառության բացակայությանը` ինչպես եռակողմ պայմանավորվածությունների, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներում։
Արարատ Միրզոյան - Ինչ վերաբերում է Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել, պիտի արձանագրեմ, որ ցուցադրված ականներն ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ՝ իր կողմից 2021-22 թթ. օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում, և հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով: Մենք չենք հերքում, որ Հայաստանի Զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ, և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021 թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ 2022 թ․ սեպտեմբերին։
ՀՀ-Ն ՀԱՎԱՏԱՐԻՄ Է ՄՆՈՒՄ ԲՐՅՈՒՍԵԼԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ
Արդյոք Հայաստանը հրաժարվե՞լ է Բրյուսելում եռակողմ հանդիպման մասնակցությունից, ինչպես հայտարարում է Ադրբեջանը. Հայաստանի արտգործնախարարը հստակեցնում է՝ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ էր պայմանավորվածություն ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ. հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն է հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։
Արարատ Միրզոյան - Կարծում ենք, որ Պրահայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր ու կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ:
Արարատ Միրզոյանը ցավով ընդգծում է, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի դրանից՝ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ, ինչը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը։