Սիրիային սահմանակից շրջաններում տեղակայված թուրքական բանակի ստորաբաժանումներն ավարտել են հարակից տարածքում ցամաքային գործողության նախապատրաստական աշխատանքները և սպասում են այն սկսելու հրամանին։ Այս մասին երկուշաբթի հայտնել է TRT հեռուստաալիքը։
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների և դրա սիրիական ճյուղը հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» դեմ Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողություն իրականացնելու հարցը նախատեսվում է քննարկել Թուրքիայի կառավարության նիստում։ Աղբյուրները չեն բացառում, որ Էրդողանը գործողությունը սկսելու մասին որոշում կկայացնի:
Իրաքյան լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ թուրքական զինուժը վերսկսել է օդային հարվածներն Իրաքյան Քրդստանի ուղղությամբ: Նշվում է, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքի մարտիկները հետ են մղել թուրքամետ կազմավորումների գրոհները, որոնք փորձել են ներթափանցել Հասեքե նահանգ:
ԶԼՄ-ների տվյալով՝ թուրքական կողմը գրոհել է «Սիրիայի դեմոկրատական ուժերի» պաշտպանական դիրքերն Այն Իսա քաղաքում, որտեղով անցնում է Սիրիայի արևելյան և արևմտյան շրջանները կապող ռազմավարական մայրուղին։ Թուրքական ուժերը կրակ են բացել նաև Հալեպի ուղղությամբ՝ արձակելով շուրջ 800 արկ: Սիրիական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը ռազմական ուժեր և զրահատեխնիկա է տեղափոխել Հալեպի նահանգային կենտրոնից հյուսիս-արևելք՝ Այն ալ Արաբ քաղաք։