Ռուսաստանը չի պատրաստվում իր ուժերը դուրս բերել Էներգոդարից և Զապորոժիեի ատոմակայանից՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РИА Новости-ն։
«Կարիք չկա որևէ նշան փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան և չեն կարող լինել»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը, երբ խնդրել են մեկնաբանել ուկրաինական կողմի հայտարարությունները։
Այն, որ ռուս զինվորականները, հնարավոր է՝ լքեն Զապորոժիեի ԱԷԿ-ը, հայտարարել է ուկրաինական «Էներգոատոմի» նախագահ Պետր Կոտինը։
Էներգոդարի վարչակազմը նույնպես նման հայտարարություններն ու հրապարակումները կեղծ է անվանել։ Նրանք ընդգծել են, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը մնում է Ռուսաստանի վերահսկողության տակ, կայանի անվտանգությունն ապահովված է ամբողջությամբ, աշխատակիցները նոր աշխատանքային պայմանագրեր են կնքում, ռուսական անձնագրեր են ստանում:
Զապորոժիեի ատոմակայանը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի մոտ։ Դա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով և հզորությամբ։