Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ և շարունակում է նոր ականներ տեղադրել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի։ Հարցին «Արմենպրեսի» հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր մոտ առկա բոլոր քարտեզները, չնայած նման հանձնառության բացակայությանը ինչպես եռակողմ պայմանավորվածությունների, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներում։ Ավելին, պատրաստակամություն ենք հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանմանը։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականներ տեղադրվել են դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, և դա հիմնականում իրականացվել է Ադրբեջանի կողմից, որը առաջին պատերազմի ընթացքում վերահսկում էր այդ տարածքները։ Հայկական կողմի համագործակցության կոչերը մնացել են անարձագանք և, ավելին, Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտներ է հարուցել ականազերծման աշխատանքների իրականացմանը։ Տվյալ ոլորտում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցի շահարկման արդյունքում 2017 թ․ Ադրբեջանի կողմից նույնիսկ արգելափակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2019 թ․ զեկույցում արձանագրված է, որ իրենց առաքելության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների զոհ է դարձել 747 անձ, որոնցից 59 տոկոս՝ քաղաքացիական, և սա այն պարագայում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ականների պայթյուններից զոհերի թվի հաշվարկ սկսել են իրականացնել միայն 2004 թվականից ի վեր»,- ասել է Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել, Միրզոյանը ասել է՝ ցուցադրված ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22 թթ. օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով:
«Մենք չենք հերքում, որ ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ, և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկով, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021 թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ 2022 թ․ սեպտեմբերին։
Նմանօրինակ ագրեսիվ գործողություններ Ադրբեջանն այս շրջանում իրականացրել է նաև Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես, այս տարվա փետրվար և օգոստոս ամիսներին, դրանով իսկ ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը էթնիկ զտումների չենթարկվելու համար անհրաժեշտություն ունի ինքնապաշտպանական ուժերի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են տեղակայված մնալ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, սա ևս որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Մեր այս պնդման իսկությունը ստուգելու համար վարչապետ Փաշինյանի կողմից անգամ առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից»,- նշել է ՀՀ արտգործնախարարը: