9 ամսից ավելի է՝ էլեկտրաէներգիայի շուկան ազատականացված է՝ «մեկ գնորդ, մեկ վաճառող» սկզբունքը, երբ բոլոր արտադրողներից էլեկտրաէներգիան գնում էր ՀԷՑ-ը, ապա վաճառում սպառողներին, այլևս չի գործում: 2022-ի փետրվարի 1-ից կամավորության սկզբունքով բոլոր սպառողները կարող են գնել էլեկտրաէներգիան այլ արտադրողներից:
Հակոբ Վարդանյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Արդեն 2023 թվականի փետրվարի 1-ից պարտադիրության սկզբունք է մտնում որոշակի խմբերի սպառողների համար, և այդպես շարունակ ամեն տարի է լինելու:
Երեք ամսից վաճառողին պարտադիր պետք է ընտրեն խոշորները՝ 110 և ավելի կիլովոլտ լարմամբ գծին միացած այն բաժանորդները, որոնք տարեկան առնվազն 1 մլն կիլովատտ են սպառում: Նման սպառողների թիվը 20-ի է հասնում, այս պահին դրանցից 6-ն են էլեկտրաէներգիա գնում այլ աղբյուրներից: Խոշոր սպառողները եկող տարվանից էլեկտրաէներգիա գնելու երկու տարբերակ կունենան՝ ուղիղ արտադրողից կամ միջնորդից:
Մեսրոպ Մեսրոպյան (ՀՀ ՏԿԵՆ «Հաշվարկային կենտրոն» ընկերության գլխավոր տնօրեն) - Ժամանակային այդ աստիճանական անցումը բերելու է հետևյալ հեռանկարին. ընթացիկ տարում արտադրված էլեկտրաէներգիայի պահանջարկի 5 տոկոսը այս պահին սպառվում է ազատ շուկայում, և, ըստ ժամանակացույցի՝ մինչև 2025 թվական, մենք կանխատեսում ենք, որ արտադրված էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 30 տոկոսը կիրացվի ազատ շուկայում:
Ազատ շուկայից էլեկտրաէներգիայի գնորդներից է «Վեոլիա ջուրը»: Քանի որ շուկան նոր է ձևավորվում, ընկերությունն անհրաժեշտ քանակի դեռ մի մասն է ձեռք բերում, փորձում են հասկանալ շուկայի նրբությունները:
Վահրամ Մաճկալյան («Վեոլիա ջուր» ՓԲԸ տեխնիկական տնօրեն) - Շուկայի դրական կողմը այն է, որ հնարավորություն ենք ունենում ավելի ցածր սակագնով էլեկտրաէներգիա գնել, քանի որ հնարավորություն ենք ունենում արտադրողներից գնել, ինչը նաև խթանում է փոքր ՀԷԿ-երի գործունեությունը, այսինքն՝ նրանք էլ են հնարավորություն ունենում ավելի բարձր սակագնով վաճառել ուղիղ գնորդին:
Մեծածախ սպառման ազատ շուկայում առաջանում է հաշվեկշռման ծառայության անհրաժեշտությունը, որի վերաբերյալ ՏԿԵՆ-ի ներկայացրած օրենսդրական նախագիծը օրեր առաջ քննարկվում էր ԱԺ-ում: Ոլորտի պատասխանատու փոխնախարարը բացատրում է, թե ինչ է նշանակում հաշվեկշռում:
Հակոբ Վարդանյան - Պատկերացրեք երկու սուբյեկտի միջև՝ սպառողի և վաճառողի միջև, կնքվում է էլեկտրաէներգիայի ձեռքբերման պայմանագիր, որ, օրինակ՝ սպառողը, ենթադրենք՝ ինչ-որ խոշոր գործարան, ասում ա՝ ես կսպառեմ հաջորդ ամսվա ընթացքում 100 հազար կիլովատտ էլեկտրաէներգիա և տալիս է գրաֆիկ ամեն ժամվա համար՝ էս ժամին 500 կվտ, էս ժամին՝ 300, 200 և այլն: Էդ արտադրող կայանն էլ՝ վաճառողը, էդ հոսանքը նախատեսում է նրա համար:
Սպառողը, հնարավոր է՝ նախօրոք կազմված գրաֆիկից ավելի կամ պակաս օգտագործել: Եթե նախատեսված էր սպառել, օրինակ՝ 100 կվտ, բայց սպառվել է 150, հաշվեկշռող ծառայությունը պարտավոր է բալանսավորել շուկան:
Հակոբ Վարդանյան - Դե ֆակտո հոսանք եղել ա, սպառողը սպառել ա, բայց չունի դրա համար պայմանագիր: Դա էլ հենց հաշվեկշռումն է, ինքը հաշվեկշռվել է, և պետք է լինի կազմակերպություն, որը պարտավոր ա նրա սպառած, բայց պայմանագիր չունեցած էլեկտրաէներգիայի համար մատակարարել էլեկտրաէներգիա:
Նույն տրամաբանությունն է նաև հակառակ դեպքում, երբ նախապես հայտարարածից քիչ է սպառվել: Այս դեպքում էլ վաճառողը արտադրել է 100 կվտ, սպառվել է, ենթադրենք՝ 50-ը: Այս դեպքում արտադրողը իր ամբողջ գումարը, միևնույն է՝ կստանա, ավելցուկ էլեկտրաէներգիան հաշվեկշռողը էժան գնով ձեռք կբերի այն չսպառած ձեռնարկությունից:
Աբգար Բուդաղյան (ԱՄՆ ՄԶԳ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ղեկավար) - Հաշվեկշռման ծառայությունը նույն ՀԷՑ-ի կողմից մատուցվող ծառայությունը չէ: Էլեկտրաէներգիան մի առանձնահատկություն ունի՝ ի տարբերություն մյուս ապրանքային շուկաների մենք սպառում և արտադրում ենք միաժամանակ, էդ պրոցեսը անընդհատ ա, և երբ որ մեր կնքած պայմանագրերը շեղվում են, քան մեր փաստացի սպառումն ու արտադրությունն է, ինչ-որ մի կողմ պետք է դա հավասարակշռի, այս օրենքի փոփոխությունը այդ հավասարակշռման ծառայությանն է վերաբերում:
Մայիսից ազատ շուկա մտած ընկերության մասնագետը բացատրում է՝ պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի ու այլ կարիքների համար հոսանքի մոտավոր հաշվարկով կատարում են տարեկան պլանավորում, որը իհարկե կարող է փոփոխվել՝ տարբեր գործոններով պայմանավորված:
Կարեն Ավետիսյան («Վեոլիա ջուր» ՓԲԸ տեխնիկական տնօրինության էլեկտրական համակարգերի կառավարման ծառայության պետ) - Քանի որ էլեկտրաէներգիան եթե շուկայում ձեռք ես բերել ավելի ցածր գնով, բնականաբար ցանկալի կլինի, իմ կարծիքն ասեմ, որ մի քիչ զապասով էլեկտրաէներգիա վերցնել, իսկ հակառակ պարագայում, եթե բարձր սակագնով եք ձեռք բերել, ավելի լավ է պուճուր չափով ձեռք բերել էլեկտրաէներգիան:
Նմանատիպ մեխանիզմ ՀԷՑ-ը հիմա ունի, բայց բալանսավորումն իրականացվում է բոլորիս հաշվին: ՀԷՑ-ը միակ գնորդն ու վաճառողն է, և չծախսված կամ ավելի ծախսված էլեկտրաէներգիայի օգուտը կամ վնասը ազդում է բոլոր բաժանորդների համար սահմանված սակագների վրա:
Հակոբ Վարդանյան - Շուկայական հարաբերությունները ստեղծում ա հնարավորություն արդարացի գնագոյացման համար, յուրաքանչյուրը վճարում ա էն արժեքը, ինչ արժեքի էլեկտրաէներգիա ինքը սպասռում ա էդ ժամանակ, կամ ինչ արժեքի վնաս ինքը տալիս ա համակարգին, ինքը դրա համար պատասխանատու ա:
Բարեփոխման գործում կառավարությանն աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյանի խոսքով՝ հաշվեկշռման վերաբերյալ օրենքի նախագիծը ազատականացված շուկան է՛լ ավելի կազմակերպված կդարձնի: Հիշեցնում է՝ էլեկտրաէներգիան ապրանք է, որը կարելի է այլ ապրանքների նման շուկայից ձեռք բերել:
Աբգար Բուդաղյան - Բնակիչ բաժանորդները գուցե շուկայի առաջին փուլում՝ այս փուլում, մեծ փոփոխությունների չենթարկվեն էն առումով, որ դեռևս մատակարարները նոր են շուկա մուտք գործում և պիտի փորձեն շուկայի մասնակիցներին առաջարկեն էնպիսի ապրանք կամ էնպիսի ծառայություններ, որ նրանք հրաժարվեն իրենց ներկայիս մատակարարից, բայց կրկին նշեմ, որ սա սպառողներին տրված ընտրության իրավունք է, որը իրենք նախկինում չեն ունեցել՝ ժամանակի ընթացքում էլեկտրաէներգիայի գինը ձևավորել մրցակցային միջավայրում, որը, այո՛, ենթադրում է, որ գնագոյացումը կլինի արդար:
ՀԷՑ-ի մատակարարած էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտի համար այժմ գործում է տարբերակված սակագին՝ ցերեկային ժամերին՝ 46.48 դրամից մինչև 53.48 դրամ, գիշերային ժամերին՝ 36.48-43.48 դրամ՝ կախված սպառման ծավալից: Այս տիրույթից դուրս են միայն սոցիալապես անապահովները, նրանց հոսանքը վաճառվում է 29.99՝ ցերեկային, 19.99 դրամով՝ գիշերային ժամերին:
Շուկայի ազատականացման նպատակը ռացիոնալ գնագոյացմանը նպաստելն է. ժամանակի ընթացքում որոշ խմբերի համար դա գուցե նշանակի գների բարձրացում, որոշների համար՝ նվազում, կարևորը, նշում է Բուդաղյանը, այդ փոփոխությունները չլինեն այլ բաժանորդների հաշվին, գործի արդարության սկզբունքը:
Աբգար Բուդաղյան - Գները ձևավորվելու են մրցակցային միջավայրում: Յուրաքանչյուր մատակարար, որոնք այսօր արդեն մուտք են գործել շուկա, եթե սխալ չեմ հիշում, նրանք արդեն շուրջ 10 մատակարար ընկերություններ ունենք, որոնք լիցենզիա են ստացել, փորձելու են իրենց սպառողներին մատուցել այդ ժամանակահատվածում հնարավոր լավագույն ծառայությունները, որովհետև էդ սպառողները կփոխեն իրենց մատակարարին և կգնան այլ մատակարարի մոտ:
«Հաշվարկային կենտրոն» ընկերության գլխավոր տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանն էլ պնդում է, որ լիցենզավորված մատակարար ընեկերություններից ոչ բոլորն են ակտիվ աշխատում շուկայում՝ ամփոփում է այս պահի տվյալները:
Մեսրոպ Մեսրոպյան - Այսօրվա դրությամբ արդեն ունենք շուկայում գրանցված, էլեկտրոնային հարթակում ռեալ գործող 4 մատակարար ընկերություններ, 3 մեծածախ առևտուր անող ընկերություններ, ազատ շուկա մրցակցային պայմաններով գործող արտադրողներ՝ մոտ 41 կայաններ, որոնց գնման երաշխիքային ժամկետը ավարտվել էր, և նրանք դուրս են եկել մրցակցային շուկա և առևտուր են իրականացնում, 16 որակավորված սպառող ունենք շուկայում գրանցված:
«Էներգետիկայի մասին» օրենքում հաշվեկշռման ծառայության մասին փոփոխությունները նախորդ շաբաթ ԱԺ-ում ընդունվեցին առաջին ընթերցմամբ:
Օրենքն ամբողջությամբ ընդունելուց հետո մեծածախ շուկայի հաշվեկշռումը կիրականացնի Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը: