Ավելի քան 300 միլիոն դրամ է «Վեոլիա ջուրը» դատական կարգով պահանջում Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրից: Պարտքը կուտակվել է մոտ 6 տարվա ընթացքում և ամեն ամիս ավելանում է մոտ 6 միլիոն դրամով: Խնդիրն առաջացել է 2017 թվականի հունվարի 1-ից, երբ «Վեոլիա ջուր» ընկերությունը Հայաստանում սկսեց գործունեությունը:
Նոր Հաճնը միակն էր հանրապետությունում, որ փոփոխված բարձր սակագնի պատճառով նախընտրեց չօգտվել մասնավորի ծառայությունից, համայնքը չհամաձայնեց ո՛չ բաժանորդ դառնալ և ո՛չ էլ ջուրը մեծածախով գնելու պայմանագիր կնքել:
Կարեն Ադամյան (Նոր Հաճն համայնքի «Հաճն ջուր» ՀՈԱԿ տնօրեն) - Մենք առարկեցինք «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին, որ հնարավոր չի, սևով սպիտակին ներկայացրինք մեր հաշվարկները, ոչ մի գաղտնի բան չկա, բայց իրենք գնացին այլ ճանապարհով, որոշեցին դատական կարգով պարտադրել մեզ պայմանագիր: 17-ի հունվարից մտան Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան:
Դատական գործընթացը շարունակվում է մինչև օրս:
«Հաճն ջուր» ընկերության տնօրեն Կարեն Ադամյանի խոսքով՝ եթե պայմանագիր չեն ստորագրել, ինչո՞ւ պետք է ամեն ամիս վճարեն շուրջ 6 կամ 7 միլիոն դրամ, այն դեպքում, երբ իրենք կարողանում են ամեն ամիս առավելագույնը մոտ 5.5 միլիոն դրամ հավաքել: «Վեոլիայից» հակադարձում են՝ գործող սակագինը հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Մինչև 2017-ի հունվարի 1-ը խմելու ջրի 1 խորանարդ մետրի մեծածախ գինը 18 դրամ էր, այսօր՝ 39: Մինչև օրս համայնքը ստանում է 24-ժամյա ջրամատակարարում, բայց հրաժարվում է վճարել:
Արտակ Մալխասյան («Վեոլիա ջուր» ՓԲԸ վարձակալության պայմանագրի կառավարման տնօրեն) - Մենք էլ հաշվի առնելով համայնքի, ազգաբնակչության խնդիրները, հաշվի առնելով, որ դա կենսական կարևոր նշանակության ապրանք է, սնունդ է ջուրը, և այդ իսկ պատճառով մենք չենք գնացել երբևիցե ծայրահեղ քայլի, այսինքն՝ չենք գնացել ջրազրկման, թեպետ և՛ օրենսդրությունը, և՛ պայմանագրային հարաբերությունները մեզ այդ ամենը թույլ տալիս էին:
Նոր Հաճնը ավագանու որոշմամբ ջրի նախկին գինն անփոփոխ է թողել, և մինչև օրս բնակիչները վճարում են 150 դրամ, այն դեպքում, երբ ամբողջ հանրապետությունում ջրի մեկ խորանարդ մետրը 200 դրամ է: Համայնքապետարանից նշում են՝ եթե հավաքված ամբողջ գումարը տան «Վեոլիային», հարկեր, աշխատավարձեր, վթարավերականգնողական աշխատանքներ չեն կարող իրականացնել: Դիմել են տարբեր գերատեսչություններ, Կոտայքի մարզի նախկին ու գործող մարզպետներին, նամակներ են ուղարկել նաև վարչապետին: Տեսնելով, որ արձագանք չկա, դիմել են դատարան, կառավարությունից պահանջում են լուծել իրենց խնդիրը:
Կարեն Ադամյան - Եթե կառավարությունը մի քանի անգամ մեր դիմելուց հետո որևէ արձագանք չի ունեցել դրական հարցի լուծում տալու, մենք ստիպված ենք էս ճանապարհով գնալ: էս անհամաչափ բեռը համայնքի վրա շարունակում է մեծանալ: Ստիպված դիմեցինք կառավարությանը իրավաբանների միջոցով օրենքի սահմաններում, որպեսզի կառավարությունը մեզ օգնի էս հարցին լուծում տալ: Այլ լուծումը ո՞նց եք պատկերացնում. եթե մենք պիտի աշխատենք որպես ՀՈԱԿ, լուծումը պատկերացնում ենք դոտացիոն գումար ստանալու տեսքով կամ էլ մենք պիտի չաշխատենք, «Վեոլիան» պիտի գա քաղաքի սպասարկումն իրականացնի, իսկ «Վեոլիան» դրանից մի քանի անգամ հրաժարվել ա պաշտոնապես, գրություններն էլ կան:
«Վեոլիայից» հակադարձում են՝ իրենք նույնիսկ պետությանն առաջարկել են համայնքը վերցնել մանրածախ սպասարկման, բայց դրա համար պետք է ավարտվեն դատական վեճերը:
Արտակ Մալխասյան - Մեր մասնագիտական սպասարկման արդյունքում կբարելավվի թե՛ ազգաբնակչության ջրամատակարարումը, թե՛ նմանատիպ խնդիրները կբացառվեն իսպառ:
Դուք ո՞ր դեպքում կգնաք այդ քայլին, երբ պարտքերը վճարե՞ն:
Իհարկե, երբ պարտքերը վճարեն, որովհետև այսպես թե այնպես էդ համայնքի սպասարկումը ստանձնելով՝ մենք պարտավորված կլինենք այնտեղ որոշակի ներդրումներ կատարել:
Ջրային կոմիտեի գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության պետը, ներկայացնելով պետության պարտավորությունը, հիշեցնում է՝ դեբիտորական պարտքերը գործող օրենսդրությամբ չեն կարող զրոյացվել:
Աննա Մարգարյանը հիշեցնում է՝ Նոր Հաճնի պահանջը արդարացված չէ, և առանձնացված մոտեցում պետք չէ ցուցաբերել:
Աննա Մարգարյան (Ջրային կոմիտեի գույքի կառավարման և ներդրումների իրականացման վարչության պետ) - Հաճն համայնքը նաև խնդիր է բարձրացնում նաև պետության կողմից սուբսիդավորում իրականացնելու հետ կապված: Ես տեղեկացնեմ, որ պետական բյուջեի միջոցներից սուբսիդիա տրամադրվում է հիմնականում այն կազմակերպություններին, որոնք նվազագույն գնից շատ ցածր ծառայություն են մատուցում, և ընկերության կողմից կրած վնասի համաձայն դրանք պետք է փոխհատուցվեն պետության կողմից:
Վճռաբեկ դատարանի երկու որոշումներից մեկով՝ «Վեոլիայի» 170 միլիոն դրամի հայցից բավարարվել է 67 միլիոնի պահանջը: 40-ը միլիոնը գանձվել է Հարկադիր կատարման ծառայության միջոցով, մնացած 27 միլիոնը համայնքը համաձայն է վճարել: Վճռաբեկի մեկ այլ որոշմամբ՝ դատարանը համայնքին պարտավորեցնում է «Վեոլիային» վճարել ևս 110 միլիոն դրամ: Դեռ նախորդները չստացած՝ «Վեոլիան» երրորդ անգամ է դիմել դատարան, այս անգամ համայնքից պահանջում է շուրջ 85 միլիոն դրամ: Նոր Հաճնից արձագանքում են՝ համայնքն այդքան գումար չունի և չի պատրաստվում վճարել:
Ջրային կոմիտեի մասնագետները մոտ 6 տարի հետևում են, թե ինչպես է լուծվելու համայնքի և «Վեոլիայի» վեճը: Թե ինչու չեն կարողացել այս տարիների ընթացքում լուծել խնդիրը և ընդհանուր հայտարարի գալ՝ ներկայացնում է Աննա Մարգարյանը:
Աննա Մարգարյան - Բազմաթիվ գործողություններ են իրականացվել, ընդհուպ մինչև համայնքին հրավիրելով, մեր ներկայությունը համայնքում գտնվելով: Համայնքը կտրականապես հրաժարվում էր սկզբից հանդիպումներից, հիմնական կապը լինում էր գրագրությունների միջոցով, հետագայում նաև՝ 2022 թվականից արդեն, համայնքը մասնակցեց Ջրային կոմիտեում տեղի ունեցող քննարկումներին, և օրենքի բոլոր գործողությունները հստակ բացատրվել են:
Ջրային կոմիտեում որպես լուծում համայնքին առաջարկում են «Վեոլիայի» հետ պարտքի մարման հստակ ժամանակացույց սահմանել, պարտավորվել վճարել ամբողջ պարտքը, ջրի մեծածախ գնման պայմանագիր կնքել, և պարտքերը փակելու համար նույնիսկ վերանայել բնակչության համար գործող 150 դրամ սակագինը՝ այն համապատասխանեցնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած առավել բարձր գնին:
Եթե համայնքը չգա օրենքի դաշտ, դատական քաշքշուկները կարող են տարիներով ձգձգվել: