Ուղևոր փախցնելու նուրբ արվեստին շատերն են տիրապետում, արդյունքում՝ տուժում են կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները:
Երևան-Սպիտակ երթուղին այլևս չի գործում, այդպիսի ճակատագիր մոտ ապագայում կարող են ունենալ նաև Երևան-Գյումրի, Երևան-Ջերմուկ, Երևան-Տաշիր երթուղիները:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի պատասխանատուները խնդրին ծանոթ են: Տնտեսվարողներից, քաղաքացիներից բազմաթիվ զանգեր ու դիմումներ են ստանում:
Սամվել Խաչատրյան (Կենտրոնական ավտոկայարանի պետ) - Ես ինքն էլ լսել եմ, որ տարբեր վայրերում կան կուտակումներ, որից բողոքում են մեր վարորդները, գալիս են, իրենց ուղևորների պակաս լինելը, սակավաթվությունը կապված en դրա հետ: Եթե հսկողությունը շատ մեծ լինի տաքսիների նկատմամբ և դրսի էդ ապօրինի աշխատող մեքենաների նկատմամբ, հավատացնում եմ՝ գծերը չեն փակվի, գծերը ոչ թե կփակվեն, այլ կշատանան:
Պատասխանատու գերատեսչությունից պատճառաբանում են՝ եթե մարզերում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները ի սկզբանե պատշաճ կազմակերպեին աշխատանքը, պահպանեին մրցույթով սահմանված նորմերը, ապահովեին բավարար տրանսպորտային միջոցներ, չխախտեին չվացուցակը, այս խնդիրը չէր առաջանա: Ոլորտը ռիսկային, ոչ շահութաբեր է դարձել, ուղևորահոսքը նվազել է հիմնականում գիծն ապօրինաբար սպասարկող տաքսի ծառայությունների պատճառով:
Խաչիկ Սողոմոնյան (ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ) - Բոլոր մարզերում էլ կա էդ խնդիրը, բոլոր մարզերում կա անօրինական ուղևորափոխադրումը, և հիմնականում դրանք տաքսիներ են: Օրինակ՝ ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները գտնվում են հարկային դաշտում, իրենք վճարում են տարբեր տեսակի հարկեր, կա սահմանված պետական տուրք, վճարում են դա, և դրան զուգահեռ տաքսիներն են, որոնք որևէ բան չեն վճարում, և այդ առումով իրենք հայտնվում են ոչ մրցակցային վիճակում:
Բարեփոխման ճանապարհը միասնական օպերատորի ստեղծումն է, որը ենթադրում է «մեկ մարզում՝ մեկ օպերատոր» սկզբունքով երթուղու ապահովում մարզի բոլոր բնակավայրերում: Այս համակարգն առայժմ գործում է միայն Կոտայքում, Արարատում հաղթող ընկերությունը դեռ ներկրում է տրանսպորտային միջոցները, Արմավիրում մրցույթին մասնակցած երկու ընկերությունները դատական վեճերի մեջ են, Շիրակում մրցույթին մասնակցող չի եղել, նույնիսկ՝ երկրորդ անգամ:
Խնդիրն օր առաջ լուծելու համար տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել և առաջարկում է հարկել օնլայն ամրագրումներով իրականացվող ուղևորափոխադրումները: Խոսքը տաքսիների մասին է, որոնք հավելվածն օգտագործում են պատվերներ գրանցելու համար:
Խաչիկ Սողոմոնյան - Այդ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակը նման վարորդներին հարկային դաշտ բերելն է և ոլորտն ավելի կանոնակարգել: Այս փոփոխության արդյունքում յուրաքանչյուր պատվերից, որ կիրականացնի վարորդը, վճարելու է 100 դրամ պետական տուրք, եթե իրականացնի 5 պատվեր, ինքը վճարելու է 5 x 100 դրամ, այսինքն՝ 500 դրամ, եթե իրականացնի 10՝ ամեն պատվերի համար 100 դրամ:
Լոռու, Տավուշի, Շիրակի և Վայոց ձորի մարզերում լուրջ խնդիր է նաև ներհամայնքային ուղևորափոխադրումների հարցը: Լիազոր մարմինը խնդիրը լուծելու համար այստեղ էլ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել և առաջարկում է միասնական օպերատորին ընտրելիս մրցույթում հաղթող ընկերությանը պարտավորեցնել ապահովել ոչ միայն ներմարզային ու միջմարզային, այլև ներհամայնքային երթուղիները:
Խաչիկ Սողոմոնյան - Սա նաև կօգնի կանոնավոր ուղևորափոխադրմանը, քանի որ նրանք նաև վնասում են կանոնավոր ուղևորափոխադրմանը, և ոլորտը դառնում է ոչ այնքան գրավիչ, ինչի արդյունքում մենք ունենք մարզեր, համայնքներ, որտեղ չունենք ընկերություններ, որտեղ իրականացվում է կանոնավոր ուղևորափոխադրում, և հենց այդպիսի անօրինական փոխադրումների արդյունքում է, որ դիտարկում են դա ռիսկային ոլորտ, և ներդրողներ չեն լինում:
Ապօրինի ուղևորափոխադրումների հետ կապված օրերս եղան նաև ձերբակալություններ: Բացահայտվեց, որ Արմավիր-Երևան կանոնավոր ուղևորափոխադրմանը զուգահեռ գործել է չլիցենզավորված ընկերություն, որը տարբեր տրանսպորտային միջոցներով քաղաքացիներին տեղափոխել է Արմավիրից Երևան և հակառակ ուղղությամբ: ԱԱԾ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակելու համար այն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Վոլոդյա Սիմոնյան (Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ) - Կատարված քննչական և վարութային այլ գործողություններով ապացույցներ են ձեռք բերվել, որի հիման վրա իմ կողմից որոշում է կայացվել երկու քաղաքացիներին, ինչպես նաև մեկ պաշտոնատար անձի ձերբակալելու մասին, մինչ այդ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ այդ երեք անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու, մյուսին, որ ոստիկանության ծառայող է, ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու արդյունքում կաշառք ստանալու համար: Երեք մեղադրյալն էլ իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Երկուսի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է Հայաստանից չբացակայելու արգելքը, իսկ ոստիկանության ծառայողի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ երկու ամսով կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Վոլոդյա Սիմոնյան - Այն քաղաքացիները, ովքեր կազմակերպել են ապօրինի ուղևորափոխադրումներ Արմավիրի ավտոկայանում, իրենք են կաշառքի առարկան, կաշառքի գումարները տվել ոստիկանության ծառայողին, ով էլ պարտավոր լինելով ու քաջատեղյակ լինելով, որ իրականացվում են ապօրինի ուղևորափոխադրումներ, պարտավոր էր, որպեսզի կանխեր այդ ուղևորափոխադրումները, կազմեր համապատասխան վարչական վարույթներ:
Երևան-Արմավիր երթուղում ապօրինի ուղևորափոխադրման բացահայտումը եզակի դեպք չէ: Նախորդ տարի, օրինակ՝ Լոռիում էր նմանատիպ փաստի հիմքով գործ հարուցվել, հանցավոր շրջանակում ներառված էր եղել ոլորտը վերահսկող տեսչական մարմնի պաշտոնյա:
Իրավապահ կառույցները հետևողականորեն պայքարում են ապօրինի ուղևորափոխադրումների դեմ, սակայն դեռ վաղ է խոսել երևույթն արմատախիլ անելու մասին, հատկապես որ հանցագործություններին երբեմն օժանդակում են պետական կառույցներում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող առանձին անձինք: