Փող աշխատելու հեշտ ու կարճ այս տարբերակը վերջին շրջանում նաև Հայաստանում է բավականին տարածված դարձել:
Սամվել Մարտիրոսյան (մեդիափորձագետ) - Ասենք՝ մի երգիչ ուզում է իր վիդեոն շատ նայեն, կամ քաղաքական գործիչ ուզում է՝ քվեարկություն է՝ առաջ անցնի, դիմում է կազմակերպությունների, որոնք, այսպես ասած, լցոնում են անում:
Այսինքն՝ դիտումներ են ավելացնում: Դա հնարավոր է նաև ավտոմատ տարբերակով անել, բայց հուսալի չէ՝ համակարգը կարող է հասկանալ ու արգելափակել: Այդ պատճառով էլ նմանատիպ կազմակերպություններն իրական մարդիկ են ներգավում:
Սամվել Մարտիրոսյան - Միջնորդը ռեալ մարդկանց ասում է՝ դուք կնայենք, ամեն դիտման համար կտամ 2 ցենտ, ասենք, փողը վերցնում է պատվիրատուից:
Թվում է, թե այսպես գումար աշխատելու տարբերակում որևէ վտանգ չկա, բայց այս օրերին տարածվող հավելվածը այնքան էլ հուսալի չէ: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը օրեր առաջ էր զգուշացրել. «Ինքը ներկայանում է մեծ գովազդային ընկերության անունից, բայց դա իր իրական անունը չէ: Դա նշանակում է՝ խաբեբաների հետ գործ ունենք»:
Այսպիսի անունով և պատմությամբ ընկերություն իրականում գոյություն ունի, որը, սակայն, 2012-ից արդեն վերանվանվել է Havas Worldwide:
Անվան մանիպուլյացիան խաբեությունը հաստատող միակ փաստը չէ:
Սամվել Մարտիրոսյան - Երբ ձեզ առաջարկում է ներբեռնել ծրագիրը ու տալիս է գուգլ փլեյ, իրականում գուգլ պլեյ չի տանում այլ ինչ-որ ֆայլ է տալիս, ու դա քաշում եք, դառնում է հավելված: Դա նշանակում է՝ Գուգլ փլեյը չի ընդունել այդ ծրագիրը: Բացի դրանից՝ այն ունի բազմաթիվ թույլտվություններ, երբ ներբեռնում ենք:
Որոշ հակավիրուսներ այն որակել են որպես վիրուսային ծրագիր, սակայն, Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ, հավանականությունը մեծ է, որ այն նաև տեղեկատվություն կորզելու համար է:
Պատկանելությունը հայտնի չի, դժվար է ասել՝ ովքեր են, բայց, վստահաբար, հայեր չեն:
Ի դեպ, Սամվել Մարտիրոսյանի գրառման տակ շատ են այս հավելվածը պաշտպանողների մեկնաբանությունները՝ այսպիսի տեսանյութերով ու վաստակած գումարի անդորրագրերով ցույց են տալիս՝ հավելվածը լավն է:
Սա էլ է իր տեսակով ֆինանսական բուրգ: Մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց քաղաքացին, որին ևս հետաքրքրել էր այս տարբերակով գումար աշխատելը:
Երիտասարդը չցանկացավ բացահայտել անձը, սակայն մանրամասներ հայտնեց՝ պարզվում է, ծառայության դիմաց վճարումը կրիպտոյով է, սակայն գումարը կանխիկացնել հնարավոր է նվազագույնը 12 դոլարի դեպքում:
Երկու օրում այդքան գումար վաստակելու համար անհրաժեշտ է 6 հոգու ներգրավել, որոնք ևս պետք է գովազդներ դիտեն: Ներգրավված մարդիկ էլ իրենց հերթին պետք է այլ անձանց ներգրավեն, որ գումարը աշխատեն:
Սամվել Մարտիրոսյանի հորդորն է՝ եթե անգամ գումար հենց այսպիսի եղանակով եք որոշել վաստակել, տվյալ հավելվածը նեբեռնեք մեկ այլ հեռախոսի մեջ, որտեղ չունենք սոցիալական ցանցեր, գաղտնաբառեր, բանկային հավելվածներ ու լուսանկարներ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան