Հոկտեմբերից «Վաղարշապատի հիվանդանոցում» շինարարական եռուզեռ է: Աշխատանքն ընթանում է, բայց պացիենտների սպասարկումը չի դադարեցվել: Հիմնանորագվում են բուժհաստատության 4 մասնաշենքերը, ևս մեկն էլ աշխատակազմի համար է կառուցվում. հիմքն արդեն փորել են:
Ղուկաս Սարգսյան (տեխնիկական հսկիչ) - Նկուղային հարկ է լինելու՝ ռեզերվուարով, արհեստանոցով, 2-րդ հարկում տնօրինությունն է, 3-րդ-ում՝ հաշվապահությունը:
Պատվիրատուն քաղաքաշինության կոմիտեն է. մասնաշենքերի հիմնանորոգման և նորի կառուցման համար պետությունը 1 մլրդ 400 միլիոն դրամ է հատկացրել: Ֆիզիկապես քայքայված շենքում չնորոգված անկյուն չի լինելու: Ամրացվելու են հիմնային հեծանները, պատերը բետոնապատվելու են, փոխվելու է տանիքը:
Ղուկաս Սարգսյան - Շենքը 40 մ խորության վրա սկսում է հիմնային հեծանների կառուցումով, պատերի ամրացմամբ և բարձրանում մինչև 3-րդ հարկ, ծածկն էլ ուժեղացվում է:
Քանդվելու, հողին է հավասարեցվելու ընդունարանը: Փոխարենը կառուցվելու է նորը, որտեղ կտեղափոխվեն անհետաձգելի բուժօգնության բաժանմունքն ու ախտորոշիչ լաբորատորիաները: Շտապօգնության կայանն ու 7 մահճակալով ինֆեկցիոն բաժանմունքը ևս կտեղափոխվեն առաջին հարկ: Ինֆեկցիոնն առանձին մուտքով կլինի: Վերակառուցվող հիվանդանոցը նաև կվերազինվի: Տնօրենը չի բացառում, որ հարմարավետ պայմաններում նոր բաժանմունքներ բացեն, նոր մասնագետների հրավիրեն:
Գոռ Ավետիսյան («Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ տնօրեն) - Մենք նախատեսում ենք նոր ճյուղերի զարգացման, նոր ուղղությունների մեջ ներգրավված լինել... նախատեսվում է նաև մասնագիտական խմբերի ներգրավում:
60-ականներին կառուցված ծննդատունը, որ վերջին տարիներին միավորվեց հիվանդանոցի հետ, մասնագետների խոսքով՝ սեյսմակայուն չէ: Մասնաշենքը պետք է ամրացվի, ծածկերն ուժեղացվեն, բայց ոչ այս նախագծի շրջանակում:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Քանի որ հիվանդանոցն ու պոլիկլինիկան միավորվեցին, ծննդատունն էլ դարձավ հիվանդանոցի մաս, մենք դիտարկեցինք, որ ծննդատունն էլ հիմնանորոգման կարիք ունի: Նախարարության հետ համագործակցելով՝ փորձում ենք հասկանալ՝ երբ կարող ենք դրան անդրադառնալ՝ առաջիկա ծրագրերով:
Առաջիկա ծրագրերում, ամենայն հավանականությամբ, կներառվի նաև դիահերձարանի քայքայված շենքի հիմնանորոգումը: Որևէ ժամանակակից չափանիշի չհամապատասխանող շինության դռները բացվում են բուժկենտոնի ուղղությամբ:
Արմեն Գրիգորյան (ճարտարապետ) - Չպետք է երևա մորգի դուռը, դրա համար առաջարկում եմ դուռը տեղափոխել հակառակ կողմը:
Հետագա ծրագրերում հնարավոր է ներառվի նաև բուժհաստատության տարածքի ցանկապատումը: Կառուցապատողները լիահույս են, որ սահմանված վերջնաժամկետի՝ 2 տարվա ընթացքում ցանկապատի թույլտվություն ու ֆինանսավորում ևս կլինեն: