Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հովանու ներքո գործող «Օբզերվեր» հետազոտական հիմնադրամի նախագահ Սանջոյ Ջոշիի հետ։
Նախարարը գործընկերոջ հետ քննարկել է Հնդկաստանում համատեղ ստորագրված հուշագրին վերաբերող մի շարք մանրամասներ, մասնավորապես՝ երկու երկրներում մարդկային կապիտալի զարգացման ու սոցիալական պաշտպանության ոլորտում նախաձեռնությունների իրականացման վերաբերյալ։
Տարբեր երկրների կառավարությունների, գործարար ու ակադեմիական համայնքների համար խորքային ուսումնասիրությունների, վերլուծությունների պատրաստմամբ զբաղվող հիմնադրամն, ըստ հուշագրի՝ կհամագործակցի նաև Հայաստանի հետ։ Կիրականացվեն համատեղ ծրագրեր՝ ուղղված սոցիալական պաշտպանության, ժողովրդագրության և զբաղվածության ոլորտներում ռազմավարական խնդիրների կարգավորմանը։