ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում: Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Շնորհակալություն, տիկին Խարալամբիդես,
Հարգելի՛ գործընկերներ,
Իրականությունը, որին բախվում ենք մեր օրերում, ոչ միայն բարդ է, այլև սարսափելի: Մեր երկրներից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարել:
Ուկրաինայում շարունակվող պատերազմը հանգեցրել է Եվրոպայում անվտանգության ճգնաժամի, որը մեզ քիչ հնարավորություն է տալիս կենտրոնանալու այլ հակամարտությունների վրա: Այնուամենայնիվ, այս մոտեցումը սխալ է, քանի որ ճգնաժամերը միտում ունեն ոչ միայն սրվելու, այլև տարածվելու: Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմին վճռական և համարժեք արձագանքի բացակայությունը նախադեպ ստեղծեց ուժի կիրառմամբ հարցերը «լուծելու» և ստիպելու աշխարհին հաշտվել դրա հետևանքների հետ: Եթե մեկ ավտորիտար պետություն կարող է ագրեսիա սանձազերծել, գործել պատերազմական հանցագործություններ և մնալ անպատիժ, ինչո՞ւ որևէ այլ ավտորիտար պետություն չպետք է մտածի, որ կարող է նույնպես փորձել և «հաջողել»:
Սակայն այսօր, փոխանակ պատասխանելու ադրբեջանական գործընկերների հայելային մեղադրանքներին, որը նրանց սովորական ռազմավարությունն է, ես ցանկանում եմ խոսել մեր արձագանքի մասին. ի՞նչ պետք է անենք մենք:
Ի տարբերություն միջազգային հանրության բազմաթիվ դերակատարների և պետությունների ղեկավարների, ովքեր Ադրբեջանին հուժկու ուղերձ ուղղեցին այն մասին, որ ագրեսիան չի կարող հանդուրժվել, մեր Խորհրդարանական վեհաժողովն ամոթալի կերպով չի անդրադարձել իրավիճակին հասցեական և հստակ հայտարարություններով:
Մեր պատասխանն ագրեսիային պետք է լինի շատ կոնկրետ. ժողովրդավար պետությունները պետք է աջակցեն ժողովրդավար պետություններին: Ավտորիտար երկրի կողմից հարձակման ենթարկված ժողովրդավարությանը չաջակցելն ուղղակի և ահռելի վնաս է ժողովրդավարությանը՝ վերջինիս մենակ թողնելով այն վտանգավոր գաղափարի դեմ, որ ժողովրդավարությունները չեն կարող պաշտպանել իրենց, եւ անվտանգությունն ավելի լավ է ապահովվում ոչ ժողովրդավարական միջոցներով, այսպես կոչված «ուժեղ ձեռքի» միջոցով: Այս ռիսկի իրականացման հետևանքները չպետք է թերագնահատվեն ոչ միայն Հայաստանի կամ Կովկասյան տարածաշրջանի, այլև ԵԱՀԿ ավելի մեծ տարածաշրջանի համար:
Խոսելով գործնական քայլերի մասին՝ ԵԱՀԿ-ն սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստան է ուղարկել կարիքների գնահատման առաքելություն: Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության զեկույցի հասանելիությունը բոլոր մասնակից պետությունների համար էական նշանակություն կունենա՝ ապահովելով ԵԱՀԿ-ի հետագա ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչպես նաև առանցքային դեր կխաղա նոր հնարավոր ագրեսիան կանխելու և Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում»: