Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի եռակողմ համագործակցությունը սրընթաց զարգանում է՝ հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Պակիստանի ղեկավարի հետ մտքեր է փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ: Նա նշել է, որ Թուրքիան և Պակիստանը հաջողությամբ համագործակցում են մի շարք համատեղ ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են Հարավային Ասիայում խաղաղության և կայունության ապահովմանը:
Անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան և Իսլամաբադը կշարունակեն համատեղ ջանքերը՝ հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Նա նաև աջակցություն է հայտնել ահաբեկչության դեմ Իսլամաբադի պայքարին:
Շահբազ Շարիֆն իր հերթին առաջարկել է երկարացնել չին-պակիստանյան տնտեսական միջանցքի երթուղին՝ դրան Թուրքիայի միանալու միջոցով: Նրա խոսքով՝ դա հրաշալի հնարավորություններ կբացի կողմերի համար։
Պակիստանի ղեկավարը նաև ցավակցություն է հայտնել Թուրքիային նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով մարդկանց զոհվելու կապակցությամբ: