Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը կվերակառուցվի: Նախագծման փուլն ավարտվել է, շինարարությունը կմեկնարկի հաջորդ տարվա գարնանը: Ըստ պատմիչների՝ այս կամուրջը 12-րդ դարի շինություն է, բազմաթիվ փորձություններ է տեսել:
Լևոն Վասիլյան (նախագծի հեղինակ) - Մեծ երեք կամար են եղել, որոնք փաստորեն քանդվել են: Հիմա մենք նախագծել ենք երկու կամարով և երկու փոքր կամարներով, որոնք ծառայել են որպես ջրանցքների համար անցում: Կլինի նաև կապող հանգույց, բայց իհարկե, թեթև մեքենաների համար է նախատեսվում, ծանր մեքենաներ չեն անցնի էստեղից:
Կարմիր կամուրջը չի շահագործվում 1980-ական թվականներից:
Այդ տարիներին ճարտարագետ Լևոն Վասիլյանը կամրջի վերականգնման նախագիծ է մշակել, որն այդպես էլ մնացել է թղթի վրա: 2006-ին կրկին կամրջին նոր տեսք տալու ծրագիր է եղել, բայց գաղափարը չի իրագործվել: Երևանի ամենատարեց կամուրջը վերակառուցելու ցանկություն է հայտնել գործարար, որը ցանկացել է անանուն մնալ:
Հարություն Վանյան (ՀՀ ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ) - Ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր-համագործակցության շրջանակներում: Ավելի քան 300 միլիոն դրամի մասին է խոսքը, վերականգնման արժեքը և բարերարը, որը ցանկանում է մնալ անանուն, պատրաստ է այդ ծախսերն իր վրա վերցնել:
«Կամրջի մի հատվածը կարող էր նաև չփլուզվել, եթե վրայով կոյուղու խողովակ չանցներ»,- նկատում է նախագծի հեղինակը, նշում՝ այդ խողովակը կհեռացվի, կպահպանվի շինության պատմական տեսքը:
Լևոն Վասիլյան - Հինը պահպանվի, շերտերը ցույց տրվեն: Հիմա տեսեք՝ էն կողմում կա մի հատ խուց, որը 86 թվականին, որ չափագրում էինք, չկար, չէր երևում, ծածկված էր: Խուցը վերականգնվելու է ու ծառայի որպես, էսպես ասած, կամրջի թանգարան, որ գան, իջնեն, նայեն:
Կարմիր կամուրջը Երևանի կենտրոնում է՝ Հաղթանակի կամրջի մոտակայքում, Հրազդան գետի վրա: Տարածքն ամբողջությամբ անմխիթար վիճակում է: Պատասխանատու գերատեսչությունից վստահեցնում են, երբ գարնանը սկսեն կամրջի շինարարությունը, այդ հարցն էլ կլուծեն:
Հարություն Վանյան - Վերականգնմանը զուգահեռ կա նաև ծրագիր տարածքը բարեկարգելու, ավելի օգտագործելի և հարմարավետ դարձնելու համար, որպեսզի քաղաքացիները մոտեցման ուղի ունենան վերևից՝ Կոնյակի գործարանի կողմից դեպի կամուրջ, և տարածքն էլ որոշակի այգու տրամաբանությամբ բարեկարգվի, նստելու, զբոսնելու տեղեր լինեն:
Երևանի քաղաքապետարանից «Լուրերին» հայտնեցին, որ հայտը ստացել են, դիտարկում են շինթույլտվություն տրամադրելու հարցը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են՝ կառուցապատողի մրցույթ չի հայտարարվել, քանի որ պատվիրատուն մասնավորն է:
Խնդիր է դրվելու՝ պահպանել հին տեսքը, ապահովել կամրջի ամրությունը: