Նարե Դարբինյան (ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի ուսանող) - Ցիանոբակտերիաներն ունեն շատ լայն կիրառություն, օգտագործվում են ինչպես սննդի արդյունաբերության մեջ, առողջապահական նպատակներով ցեղերի պատրաստման մեջ ինչպես նաւև տեքստիլ արդյունաբերության մեջ:
Սևանի չարիք համարվող ջրիմուռները, պարզվում է, կարող են բարիք դառնալ այլ ոլորտներում: Դրանք պարունակում են ազոտ:
Օրինակ՝ Չինաստանում, Ճապոնիայում ջրիմուռներով պարարտացնում են բրնձի դաշտերը: Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ուսանողները Սևանը ցիանոբակտերիաներից մաքրելու երկու տարբերակ են առաջարկում: Առաջինը դրանք հավաքելն է, մյուսը՝ հակավիրուսներով մաքրումը:
Նարե Դարբինյան - Ցիանոֆագերը վիրուսներ են, որոնք սպեցիֆիկ են և իրենց սպեցիֆիկության շնորհիվ վարակում են ցիանոբակտերիաներին:
Ուսանողները նույնիսկ գիտեն թե Սևանում տարվա որ շրջանում կարելի է պայքարել ցիանոբակտերիաների դեմ:
Րաֆֆի Շահմուրադյան (ԵՊՀ կենսբանական ֆակուլտետի ուսանող) - Ցիանոֆագերը մենք պետք է օգտագործենք այն ժամանակ, երբ որ ցիանոբակտերիաների ակտիվ փուլ է սկսում:
Սևանի մաքրման խնդրի ծրագրով ուսանողների թիմը հաղթող է ճանաչվել «ՊՈՆՏՈՍ» հաքաթոնում: Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպեռնիկուս» համակարգի արբանյակային տվյալներով ուսանողները մշտադիտարկել են Սևանի ծաղկման տարիների գործընթացն ու իրենց առաջարկով հաղթել մի քանի բուհերի ուսանողական և Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողների թիմերին։
Ռոզա Սեխլեյան (ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ռիսկի վերլուծությունների բաժնի պետ) - Ուսանողների առաջարկած միտքը բավականին շոշափելի գաղափար է և կարելի է իրականացնել: Ունեցանք նաև էլի հետաքրքիր գաղափարներ զբոսաշրջության ոլորտի զարգացման առումով, գյուղատնտեսական նպատակով, ինչպես նաև բիոգազի արտադրման նպատակով գաղափարներ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ակտիվ գործակցում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի հետ, և հիմա փնտրում են ուղիներ ուսանողների առաջարկած գաղափարը կյանքի կոչելու համար:
Համալսարանը պատրաստ է հաղթող թիմին հնարավորություն տալ անվճար հիմունքով մասնակցելու մասնագիտական դասընթացների, ինչպես նաև երկու ամիս տևողությամբ մենթորշիփի՝ մասնագիտական աջակցության հնարավորություն Հունաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Հայաստանի մասնագետների կողմից: