Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը 60 կգ քաշայինների եզրափակիչում մենամարտել է վրացի Գոչա Գորդուլավայի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարել՝ արժանանալով ոսկե մեդալին:
Իսրայելյանը երիտասարդական ԱԱ-ի մեկնարկում մենամարտել էր Ասիայի չեմպիոն, հնդիկ Հարշ Հարշի հետ և ժամանակից շուտ հաղթանակ տարել՝ երկրորդ ռաունդում երեք անգամ նոկդաունի ենթարկելով մրցակցին: Այնուհետև Իսրայելյանը 5:0 հաշվով առավելության էր հասել գվատեմալացի Դիեգո Խավիեր Միգել Գուարդադոյի նկատմամբ։
60 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում 18-ամյա բռնցքամարտիկը մենամարտել էր մեքսիկացի Ռաուլ Էրերա Ագիլարի հետ և երրորդ ռաունդում հաղթանակ տարել նոկդաուններով՝ 4:0:
Երիտասարդական ԱԱ-ի կիսաեզրափակիչում էլ Իսրայելյանը մրցել էր Անգլիայի ներկայացուցիչ Նելսոն Բիրչարի հետ և բոլոր երեք ռաունդներում ունենալով բացահայտ առավելություն՝ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր դարձյալ 5:0 հաշվով:
Նշենք՝ Հայաստանի թիմի կազմում աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցել են նաև Թումաս Թովմասյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ) Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Ալիկ Հովհաննիսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ) և Ավետիք Հովակիմյանը (92 կգ): Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալների համար պայքարից։
Առաջնությանն ավելի քան 460 բռնցքամարտիկ է մասնակցել: