ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Վերջին շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը:
Կրեմլից հաղորդում են, որ կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացմանն ուղղված հետագա քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վրա:
ՋԵՅՀՈՒՆ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԻ ՀԵՏ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Անդրադարձ է եղել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը և այդ գործընթացին ուղղված հետագա քայլերը: Բայրամովը և Կլաարը քննարկել են նաև Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները և խաղաղության հնարավոր պայմանագրի հետ կապված հարցեր:
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը:
Կլաարը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ՇԱՐԻՖԻ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի եռակողմ գործակցությունը սրընթաց զարգանում է՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Պակիստանի ղեկավարների հետ մտքեր է փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցերի շուրջ: Նա նշել է, որ Թուրքիան և Պակիստանը հաջողությամբ գործակցում են ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են Հարավային Ասիայում խաղաղության և կայունության ապահովմանը:
Անդրադառնալով Աֆղանստանում տիրող իրավիճակին՝ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան և Իսլամաբադը կշարունակեն ջանքերը՝ հաղթահարելու հումանիտար ճգնաժամը: Նա նաև աջակցություն է հայտնել ահաբեկչության դեմ Իսլամաբադի պայքարին:
Շահբազ Շարիֆն, իր հերթին, առաջարկել է Անկարային միանալ չին-պակիստանյան տնտեսական միջանցքին: Նրա խոսքով՝ դա հրաշալի հնարավորություններ կբացի կողմերի համար։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՕԳՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՃԳՆԱԺԱՄԸ
Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Հալուշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ:
«Կողմերը քննարկել են Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարձակումների ֆոնին Ուկրաինայի էներգետիկ ոլորտում ստեղծաված իրավիճակը»,- ասված է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ։
Հալուշենկոն տեղեկացրել է, որ արվում է հնարավորը՝ հաղթահարելու հարձակման հետևանքները և վերականգնելու էլեկտրամատակարարումը: Նրա խոսքով՝ Ուկրաինան զգալի վնասներ է կրել և զգում է միջազգային գործընկերների օգնության կարիքը:
Հաղորդագրության համաձայն՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանը էլեկտրատեխնիկա կտրամադրի Ուկրաինային՝ էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու համար:
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ
Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին մեկնարկել է Սուրբ Ծննդյան տոների շրջանը, մի շարք քաղաքներում բացվել են ավանդական տոնավաճառները: Տեղական իշխանությունները, սակայն, փորձում են սահմանափակել տոնական լուսավորության ժամերը՝ հայտնում է Associated Press-ը: Էներգախնայող ռեժիմի են անցել Լոնդոնը, Փարիզը, Ստրասբուրգը, Վերոնան, Բուդապեշտը և այլ քաղաքներ:
ABC News-ն էլ գրում է, որ երկրները կանգնած են ընտրության առաջ՝ խնայել էներգիան և համերաշխություն հայտնել գնաճից տուժած քաղաքացիներին, թե լուսավորել քաղաքները տոնական տրամադրությամբ և հակահարված տալ համավարակին, որի պատճառով մարդիկ 2 տարի շարունակ զրկված են եղել Սուրբ Ծննդյան տոներից: