Տասը տարի շարունակ Թուրքիայի հայկական և մյուս փոքրամասնությունների համայնքային հիմնադրամներում ընտրություններ չէին անցկացվում։ Թուրքիայի վաքըֆների գլխավոր վարչությունը չեղյալ էր հայտարարել ընտրությունների անցկացման նախկին կանոնակարգը, իսկ նորը երկար ժամանակ չէր ընդունվում: Շուրջ 10 տարի անց ընդունված նոր ընտրական կարգով 101 հիմնադրամները բաժանվել են երեք շրջանի։
Հայազգի նախկին պատգամավոր Սելինա Դողանը նույնպես ներգրավված է ընտրական հանձնաժողովում։
Սելինա Դողան Օզուզուն (ընտրական հանձնաժողովի անդամ) - Այս ընտրությունների նպատակն է պահպանել մեր պապերից մեզ ժառանգություն հասած հոգևոր և նյութական հարստությունը։ Որոշում ենք, թե այսօրվա մեր կարիքների շրջանակներում ինչպե՞ս լավագույնս կարելի է օգտագործել համայնքի սեփականությունը, ո՞վ լավագույնս կտնօրինի այն։
Փոքրամասնությունների հիմնադրամները ոչ մահմեդական փոքրամասնությունների՝ դեռ օսմանյան շրջանում ձևավորված հատուկ հաստատություններ են, որոնք տնօրինում են բարեգործական նպատակով համայնքին նվիրաբերված ունեցվածքը։ Այդ հիմնադրամների տնօրենների խորհուրդը պատասխանատու է սոցիալական համերաշխության ապահովման, աղքատների օգնության, կրթության, առողջապահության ոլորտում համայնքին ծառայություններ մատուցող հաստատությունների տնօրինման համար։
Թուրքական կառավարության առաջարկած ընտրական կանոնակարգի հատ կապված՝ համայնքում դժգոհություններ կան։
Սելինա Դողան Օզուզուն - Թուրքական օրենսդրությամբ չկա որևէ այլ իրավաբանական անձ կամ կազմակերպություն, որի տնօրենների խորհրդի ընտրության կարգը կամ ժամկետները սահմանում են պետական կառույցները: Խնդիրը հենց այդտեղից է սկսվում։
Փոքրամասնությունների հիմնադրամները, կարելի է ասել, հասարակական կազմակերպություններ են։ Տասը տարի ընտրություններ չիրականացնելը պայմանավորված էր նրանով, որ ընտրական կանոնակարգը չէր հարմարեցվել փոքրամասնությունների փոփոխվող ժողովրդագրական և սոցիալական կառուցվածքին։
Տարիների ընթացքում ազգային փոքրամասնությունների համայնքների կարիքները, թվաքանակը, բնակության վայրերը փոխվել են, սակայն նոր ընտրակարգը դա հաշվի չի առնում: Դողանի խոսքով՝ նոր ընտրակարգի խնդիրներից մեկը ընտրությունները շրջանային սկզբունքով կազմակերպելն է: Համայնքի ներկայացուցիչները կարող են իրենց թեկնածությունն առաջադրել կամ ընտրության մասնակցել միայն այն շրջանում, որտեղ գրանցված են։
Սելինա Դողան Օզուզուն - Դա մեծ խնդիր է հատկապես այն համայնքների համար, որոնք մեծաքանակ ունեցվածք ունեն, սակայն այսօր փոքրաթիվ են: Ներկայումս նման սահմանափակումն անտեղի է։ Կյանքի բերումով հնարավոր է քաղաքի տարբեր շրջաններում եմ բնակվել, սակայն ցանկանում եմ ծառայել կամ օգտվել այն թաղամասի հիմնադրամից, որտեղ դպրոցս է, եկեղեցին է, որտեղ կնքվել եմ, որի հետ հոգևոր կապ ունեմ:
Թուրքիայում գինու ճանաչված փորձագետ Լևոն Բաղըշը նույնպես դժգոհ է, որ ընտրողների և թեկնածուների որոշման կարգն իրականացվում է ըստ գրանցման հասցեների:
Լևոն Բաղըշ (հայ համայնքի ներկայացուցիչ, գինու փորձագետ) - Հայ համայնքը հարյուր կամ հիսուն տարի առաջվա համայնքը չէ։ Ե՛վ թվաքանակով, և՛ բաշխման տեսանկյունից այլ պատկեր ունենք։ Բոլորը պետք է ընտրության իրավունք ունենան, հետևաբար Ստամբուլում ապրող բոլոր հայերի համար բաց ընտրություններ պետք է լինեին, յուրաքանչյուրը պետք է իր ընտրության իրավունքն իրացներ և չմտածեր, որ գրանցման հասցեն մի վայրում է, բայց մեկ այլ տեղում է դպրոց հաճախել:
Չնայած այդ ամենին՝ ընտրությունների կազմակերպման փաստն ինքնին, ըստ Բաղըշի, բավական կարևոր է:
Լևոն Բաղըշ - Այո, գուցե սա մեր պատկերացրած, երազած արդար լուծումը չէ, սակայն ընտրությունների կազմակերպումը, հայ համայնքի կամարտահայտումը շատ արժեքավոր է, այդ իսկ պատճառով այս ամենն ուրախալի է։
Սելինա Դողանն իր հերթին ընդգծում է՝ ուրախ է տեսնել, որ երիտասարդները և կանայք մեծապես ներգրավված են ընտրություններում։ Վստահ չէին՝ մարդիկ կմասնակցե՞ն ընտրություններին, թե՞ ոչ, և նման ակտիվ մասնակցությունը ոգևորիչ է:
Մի շարք հիմնադրամների տնօրենների խորհրդի ընտրություններ էլ կկայանան առաջիկայում:
Գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: