Այսօր շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի «Շենքերի ոլորտում ՉՀՀ (չափողականության, հաշվետվայնության ու հավաստագրման) համակարգի ստեղծում և գիտելիքների կառավարում» բաղադրիչի շրջանակներում տեղի է ունեցել ՉՀՀ համակարգի ստեղծում և Շենքերի էներգետիկ բնութագրերի (ՇԷԲ) սերտիֆիկատի ձևանմուշի մշակման թեմայով սեմինար։
Սեմինարին մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը, միջազգային փորձագետներ Ստանիսլավ Անդրեևը և Ալեքսանդր Ստանկովը, պետական կառույցների ներկայացուցիչներ, էներգետիկ ոլորտով հետաքրքրված մասնագետներ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում հին և նոր կառուցվող շենքերի էներգետիկ սերտիֆիկացման հետ կապված հարցեր։
Իրենց ելույթների ընթացքում միջազգային փորձագետները ներկայացրել են Բուլղարիայի օրինակը և կարևորել առաջիկա գործողությունները սերտիֆիկացման գործընթացի համակարգման, մասնագետների վերապատրաստման, առկա սերտիֆիկատների համապատասխանեցման և այլ հարցերի համատեքստում։
Ներկայացվել է նաև միջազգային փորձագետների մշակած Էներգաարդյունավետության սերտիֆիկատի նոր ձևանմուշը: