ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 24-ին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղարի տեղակալ Դմիտրի Մարիյասինի հետ։
Գևորգ Մանթաշյանը Դմիտրի Մարիյասինին է ներկայացրել նախարարության գործունեության շրջանակները՝ առանձնացնելով հիմնական հինգ ուղղություններ՝ բարձր տեխնոլոգիաներ, թվայնացում և կիբեռանվանգություն, հեռահաղորդակցություն, կապի համակարգեր և տիեզերական տեխնոլոգիաներ, նորարարության և ստարտափների զարգացում։
Նախարարի առաջին տեղակալը մանրամասնել է յուրաքանչյուր ուղղությամբ իրականացվող աշխատանքների բնույթը, բովանդակությունը, նպատակներն ու ակնկալվող արդյունքները։ Նա անդրադարձել է նաև ARMSAT-1 Հայաստանի առաջին արբանյակի աշխատանքներին, ինչպես նաև ծրագրային ապահովման, արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի, տիեզերական սարքաշինության բնագավառում Հայաստանի գրանցած ձեռքբերումներին, Եվրոպական տիեզերական գործակալության 2022 թվականի ծրագրերում հայ մասնագետների ներգրավման հնարավորություններին։
Դմիտրի Մարիյասինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել է, որ նախարարության հետ շատ արդյունավետ համագործակցություն է ձևավորված և նշել հետագայում ևս համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությունը։ Նա ներկայացրել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը, որը սկիզբ է առել դեռևս 1947 թվականին՝ հետպատերազմական իրավիճակով պայմանավորված, նշել, որ տարիների ընթացքում հանձնաժողովի նպատակներն ու ուղղությունները բավական փոփոխվել են։
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի տեղակալը գործունեության յուրաքանչյուր ուղղությամբ մանրամասներ է ներկայացրել և առաջարկել ցանկության դեպքում ներգրավվել տեխնոլոգիական ոլորտներին առնչվող հարթակներում ու աշխատանքային խմբերում։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցում ոլորտի առաջընթացին ուղղված առաջարկություններ ներկայացնելու շուրջ, քննարկվել են ՄԱԿ-ի մի շարք ծրագրերում նախարարության ներգրավվածության, համատեղ ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցեր։