2022-ը ճանապարհաշինական առումով հաջողված էր հատկապես Սյունիքի համար: Ծրագիրը մարզում գերակատարվել է: Նախատեսված 117 կմ փոխարեն արդեն իսկ կառուցվել է 155 կմ ճանապարհ:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Բազմաթիվ են Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները: Ճանապարհների շինարարության այդ ծավալը, որն առկա է, երբևէ չի եղել մարզում: Ամենուրեք գրեթե իրականացվում են:
Ֆինանսական ներդրումների առումով էլ առաջատարը Սյունիքն է: Այս տարի նախատեսված 34 մլրդ դրամից արդեն իսկ վճարվել է 17 միլիարդը: Ճանապարհաշինական բումը մարզում մեկնարկել էր դեռ նախորդ տարի: 2021-23 թթ. նախատեսված է 43 միլիարդի 223 կմ ճանապարհ կառուցել:
Ռոբերտ Ղուկասյան - Բազմաթիվ գյուղեր դեռ լուրջ խնդիրներ ունեն ճանապարհների հետ կապված, բայց դրանք բոլորն էլ ընդգրկված են ծրագրում և կունենան ասֆալտապատ ճանապարհներ: Սա նշանակում է, որ առաջիկա 2-3 տարիներին այս տեմպը կրկնապատկվելու կամ եռապատկվելու է, ինչը բերելու է այլ խնդիրներ, բայց դրանք հաճելի են:
Ընդհանուր առմամբ ճանապարհաշինական ծրագիրը հանրապետությունում այս տարի գերակատարվել է: Միայն հիմնանորոգման և միջին նորոգման ծրագրերով արդեն իսկ 430 կմ ճանապարհ է կառուցվել:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Սրանց մեջ ներառված չեն Հյուսիս-հարավը, կենսական նշանակության ճանապարհները և սև կետերը: Ներառված չէ Մ6 միջպետականը, որտեղ շուրջ 9 կմ-ից ավելի հիմնանորոգման աշխատանքներ ենք արել: Հյուսիս-հարավի վրա իրականացրած մեծ ծրագիր ունենք, որի հիմնական մասը գտնվում է Արագածոտնի մարզում, բայց ընդհանուր հիմնանորոգման և միջին նորոգման բաժնում Արագածոտնին ամենափոքր բաժինն է հասել:
Արագածոտնում նախատեսված 25 կմ ճանապարհից այս պահին ավարտված է 12,8 կմ-ի կառուցումը, Արարատում՝ 29 կմ, Արմավիրում՝ 32 կմ, Գեղարքունիքում՝ 20 կմ, Լոռիում՝ 23.2 կմ, Տավուշում՝ 23 կմ, Կոտայքում՝ 42 կմ, Շիրակի մարզում՝ 44 կմ: Սյունիքից բացի, ծրագիրը գերակատարվել է նաև Վայոց ձորի մարզում՝ 67 կմ:
Գոռ Ավետիսյան - Արագածոտնում՝ 1.1 մլրդ, Արարատում 4.9-ի փոխարեն վճարել ենք 2.9, Արմավիրում՝ 1.9, Գեղարքունիքի մարզում՝ 2.7, Լոռիում՝ 2.3, Կոտայքում՝ 3.2, Շիրակում՝ 1.7, Սյունիքում՝ 17.2, Վայոց ձորում՝ 4.9, Տավուշում՝ 1.1:
Նախատեսված 70 մլրդ դրամից կապալառուներին արդեն իսկ վճարվել է շուրջ 40 միլիարդը: Մնացածն էլ՝ որակի ստուգումից ու ավարտական ակտից հետո:
Գոռ Ավետիսյան - Այս տարի նորամուծությունն այն է, որ այսպես կոչված ճանապարհային երաշխիքային ժամկետը, որը հիմնականում սահմանում ենք 3 տարի, այսպես ասած պայմանագրի ապահովման 10 տոկոսը պահելու ենք մեր մոտ և վճարելու ենք 3 տարի երաշխիքից դուրս գալուց հետո: Այսինքն՝ կապալառուն պետք է շահագրգռված լինի որակով կառուցելու, քանի որ բավականին մեծ գումար պահելու ենք մեզ մոտ:
Եթե նոր կառուցված ճանապարհի շերտը հանում ու նորն են տեղադրում, ուրեմն որակից դեպարտամենտը դժգոհ է մնացել:
Շտկումները շինարարն արդեն կատարում է իր միջոցներով: