2020 թվականի պատերազմի հետևանքով ֆինանսական դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց Արցախի կառավարությունն աջակցում է: Գործադիրը շարունակում է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված ծրագիրը: Շահառուներից ներդրումային հիմնադրամը ստացել է 47610 հայտ:
Մհեր Մխիթարյան (Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ) - Այս պահին հաստատվել է մոտ 35 հազար աջակցության դիմում, մշակման փուլում գտնվում է 5300 դիմում: Հաստատված դիմումներից ավելի քան 24 հազարը հաստատվել են 2022 թվականի ընթացքում, որը վերաբերում է մոտ 52 հազար վարկային պարտավորությունների:
Մհեր Մխիթարյանի խոսքով՝ 52 հազար վարկային պարտավորության համար առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրվել է 28 միլիարդ դրամի երաշխավորագիր: Սա նշանակում է, որ քաղաքացու փոխարեն մինչև 3 միլիոն դրամի չափով վարկի մարումը ստանձնում է պետությունը: Պետական աջակցությունն ավելի մեծ է, եթե շահառուն ծրագրով նախատեսված արտոնություն ունի:
Մհեր Մխիթարյան - Ծրագրի շահառու հանդիսանում է այն ֆիզիկական անձը, ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ ունեցել է վարկային պարտավորություն ԱՀ և ՀՀ տարածքում գործող բանկերում, ֆինանսավարկային կազմակերպություններում կամ պետության կողմից ստեղծված հիմնադրամներում, մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը փաստացի բնակվել է Արցախի տարածքում, ունեցել է Արցախում հաշվառում կամ աշխատանքի վայր:
Պետական մեկ այլ ծրագրով Արցախի կառավարությունն աջակցում է պատերազմի պատճառով նյութական վնասներ կրած քաղաքացիներին և կազմակերպություններին, որոնք կորցրել են հասարակական կամ արտադրական շենք-շինություն, ավտոմեքենա, գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա, այգի, անասնագլխաքանակ և մեղվափեթակ: Առ այսօր 1364 շահառու ստացել է ընդհանուր 2 միլիարդ 900 միլիոն դրամի աջակցություն:
Վահրամ Ղահրամանյան (Արցախի նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ) - Մենք դեռևս վճարում ենք 2021 թվականին կայացված որոշումներով և 2021 թվականին շահառու ճանաչված անձանց վճարները: Դեռևս կոմիտեի օրոք կայացված որոշումներով մենք վճարումներ դեռ չենք իրականացնում:
Շահառուների հերթը չի խախտվում՝ վստահեցնում է նյութական վնասների հարցերի նորաստեղծ կոմիտեի ղեկավարը: Բացառություններ եղել են, բայց՝ հիմնավոր:
Վահրամ Ղահրամանյան - Բացառության կարգով ծանր, ծայրահեղ վիճակում գտնվող 5 անձանց, 1-ի պահով՝ առողջությանը վտանգ սպառնացող դեպքով է եղել՝ բավականին լուրջ վտանգ էր սպառնում, մյուս 4 անձանց, որ բացառության կարգով մեր կողմից սահմանված հերթի խախտումով՝ էլի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զոհվածի ընտանիքի անդամներ են եղել:
Պատերազմի հետևանքով նյութական վնասներ կրած շահառուների ցուցակը որոշվում է բալային համակարգով: Պետական ծրագրից առաջինն օգտվում են զոհվածների և անհետ կորածների, հետո՝ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների ընտանիքի անդամներն ու տեղահանված քաղաքացիները:
Հեղինակ՝ Նարեկ Սահակյան